«Կգա պահը, կիմանաք». Անահիտ Բախշյանը «Ժառանգություն»-ը լքելու մասին
«Ժառանգություն» կուսակցությունը լքելու որոշում այս պահին չունեմ. Tert.am-ի հետ զրուցում այս մասին նշեց կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե ինքը պատրաստվում է լքել կուսակցությունը և «Ազատ դեմոկրատների» ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
«Ես չեմ ասել, որ կուսակցությունը լքելու եմ, ես ասել եմ, որ «Ազատ դեմոկրատների» և այլ կուսակցությունների հետ քննարկումներ եղել են, որ իրենց ցուցակով մասնակցեմ, ասել-խոսել ենք, դեռ որոշում չկա, տեսնենք՝ ինչ է լինելու »,-ասաց նա։
Անահիտ Բախշյանը «Ժառանգության» հետ տարաձայնությունների վերաբերյալ չցանկացավ խոսել։ «Կգա պահը, ամեն ինչի մասին կիմանաք»,-շեշտեց նա։
Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» այս օրերին խորհրդակցություններ է անցկացնում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ։ Այս մասին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էր հայտարարել, նա չէր բացառել, որ ընտրություններին մասնակցելու են որևէ քաղաքական ուժի հետ դաշինքով, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ինչին դեմ էր հանդես եկել ԱԺ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։