Ստամբուլում արևմտահայերենով լույս է տեսել Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդու» վեպը
Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից արևմտահայերենով հրատարակվել է հայտնի սփյուռքահայ արձակագիր, թատերագիր, դերասան և գեղանկարիչ Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդու» վեպը:
Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով:
Վեպը, որը պատմում է 1980-ականներին հոլիվուդաբնակ հայ ընտանիքում հոր և որդու միջև տեղի ունեցող բարոյամշակութային բախումների մասին, հեղինակի արդեն երկրորդ վեպն է, առաջինը «Նամակ Զաաթարից»-ն է, որն առաջին անգամ հրատարակվել է Լոս Անջելեսում 1999թ.-ին:
«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար «պատուհան» դառնալ դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին: Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր: