Գերմանիայի դատախազությունն ավարտել է Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությունը
Դյուսելդորֆի դատախազությունը հայտնել է գերմանական Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությունն ավարտելու մասին: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես երկուշաբթի հայտարարել է Դյուսելդորֆի դատախազության ներկայացուցիչ Քրիստոֆ Կումպան, հետաքննության ընթացքում չեն հայտնաբերվել նշաններ, որ որևէ մեկը, բացի օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցից, մեղավոր է եղել ավիաաղետի համար:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտին գերմանական Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 150 մարդ, զոհվել են: «Սև արկղերի» վերծանումը ցույց էր տվել, որ աղետը տեղի էր ունեցել երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Անդրեաս Լյուբիցի մտադրված գործողությունների հետևանքով:
Ինչպես հայտնի է դարձել հետաքննության ընթացքում, օդաչուն ընկճախտի առնչությամբ բազմաթիվ հոգեբանների և հոգեբույժների է այցելել, աղետին նախորդած ամիսների ընթացքում նա այցելել էր 41 բժշկի: Լյուբիցը բողոքում էր տեսողության կորստից, անքնությունից, սուիցիդալ մտքերից: