Լեզուս չի պտտվում «բարեկամ» ասել նրանց. Էրդողանն ԱՄՆ-ի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի` ԱՄՆ-ի կողմից արտահանձնման մասին և մեղադրել ԱՄՆ-ի իշխանություններին «ահաբեկիչների առաջ դուռ բացելու համար», գրում է «Ջումհուրիյեթ»-ը։
«Հացի կարոտ պատերազմի փախստականների առաջ անգամ դուռ չբացող այս երկրները, որոնց մենք, լեզուս էլ չի պտտվում ասել բարեկամ, բայց, համենայն դեպս, գիտեինք, որպես դաշնակից, տեր են կանգնում այս խմբավորումներին: ԱՄՆ-ում գյուլենականը ռեկտոր է դառնում»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Էրդողանն Արևմուտքին մեղադրել էր ԻՊ-ին աջակցելու համար`իսլամը վարկաբեկելու նպատակով:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: