Audi-ն և Nvidia-ն արհեստական ինտելեկտով քրոսովեր են ներկայացրել (տեսանյութ)
Լաս Վեգասում անցկացվող Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին Audi և Nvidia ընկերությունները ներկայացրել են Q7 ինքնագնաց մոդելը` համալրված արհեստական ինտելեկտով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, քրոսովերի ծրագրային ապահովման հիմքում ընկած է «խոր ուսուցման» սկզբունքը, ինչը նշանակում է, որ ավտոպիլոտ համակարգը «վարել է սովորել» մարդուց:
Նախատիպը սկզբնապես համալրված է եղել «ուսուցանող» տեսախցիկներով, որոնք տեսագրել են մարդու կողմից մեքենան վարելու գործընթացը, որից հետո համակարգը «տեսագրածը» համապատասխանեցնում է վարորդի ռեակցիայի հետ այս կամ այն իրավիճակում:
Բացի այդ, ևս մեկ տեսախցիկ տեղադրվել է մեքենայի դիմացի հատվածում, որն էլ պատասխանատու է ղեկանիվի կառավարման համար:
Nvidia-ի հետ համագործակցության շրջանակներում գերմանական մեքենաշինական հսկան ավտոպիլոտ համակարգ է նախապատրաստում նոր սերնդի A8 առաջատար սեդանի համար: Նորույթը կարող է ինքնուրույն տեղաշարժվել քաղաքային փողոցներով` 56 կմ/ժամ արագությամբ: Չորսդռնանի մոդելի պրեմիերան նախատեսվում է 2017-ի աշնանը` Ֆրանկֆուրտի ավտոսրահում: