«Ես էստեղ քյաբաբ, խորոված եմ ուտում». չնայած խստաշունչ ցրտին, անօթևանը հրաժարվում է ժամանակավոր կացարան գնալ (տեսանյութ)
Երևանյան փողոցներում խստաշունչ ցրտերին հաճախ կարելի է նկատել անօթևանների, չնայած պետության կողմից հատկացվում է ժամանակավոր կացարան: Tert.am-ի հետ զրույցում նրանցից մեկը, ով հիմնականում Բարեկամության մետրոյի շրջակայքում է լինում, ասաց, որ ինքնակամ են հրաժարվում հատկացված ժամանակավոր կացարան գնալ:
«Ոնց կա, սենց լավ է, 8 տարի է՝ ստեղ եմ։ Տուն չունեմ, որ ունենայի, էստեղ ի՞նչ գործ ունեի: Ցրտերի ժամանակ ես ստեղ մնում եմ, ինձ էստեղ լավ հաց են տալիս, ու ես գոհ եմ, պրծա՞նք: Ես եղել եմ Ձեր ասած տեղում ու զզվելով հետ եմ եկել, էնտեղ ոչ մի բան չկա»,-ասաց անօթևանը, ով չցանկացավ ներկայանալ:
Հարցին, թե ինչո՞ւ է հետ եկել, երբ գոնե տաք սնունդ կարող էր ուտել, պատասխանեց. «Լսեք, ի՞նչ տաք սնունդ, առավոտը դատարկ չայ են տալիս, իրակունը փլավ ու տենց ամեն օր։ Ես էստեղ քյաբաբ եմ ուտում, խորոված եմ ուտում, ի՞նչ եք ուզում ինձանից»,-ասաց նա և համաձայնեց, որ միակ խնդիրը լողանալն է:
Անօթևան քաղաքացին ասաց, որ աշխատավարձ, թոշակ չի ստանում։
«Առաջարկում եք՝ գնամ երկու ամսով, հետո փողո՞ց գամ»,-ասաց նա և նշեց, թե փողոցում է հայտնվել, քանի որ կնոջից բաժանվել է և տունը տվել նրան: 40 տարեկան որդի ունի, բայց հոր խնդիրները նրան չեն հուզում:
«Հյուսիսային պողոտայում տուն տան, չեմ գնա: Որտեղ հաց, էնտեղ կաց, հաց չէ, է՜, լավ հաց: Գնամ, սոված չորս պատի մեջ, ո՞վ է ինձ էնտեղ պահելու,Դո՞ւք եք փող տալու, ոչ թոշակ եմ ստանում, ոչ աշխատավարձ»,-ասաց նա:
Մետրոյի անցումներից մեկում էլ մի կին էր նստած, ով ասաց, որ ինքը երեկոյան կացարան ունի և այստեղ փող հավաքելուց հետո գնում է իր տուն:
«Այ, որ դրսերը մնում են, իրանց հարցրեք, ժամը 9-ին տեղ չկա նստելու, իմ տեղն էլ են նստում: Բայց ցերեկները միլիցեքը չեն թողնում մնան էստեղ, ժամը 7-ից սկսում են գալ»,-ասաց նա: