Վարդան Պետրոսյանը գնաց դիրքեր, ադրբեջանցիներին հայհոյեց ու պատերազմ սկսե՞ց, Շրեկի արկածնե՞րն են, ինչ է. Արշակ Զաքարյան
Դերասան Վարդան Պետրոսյանը այցելել էր ղարաբաղա-ադրբեջանական դիրքեր, որ ուրախացնի հայ զինվորներին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ դերասանը այցելության ժամանակ դիրքերում ադրբեջաներենով հայհոյում էր սահմանից այն կողմ գտնվող հակառակորդ զինվորներին:
Արշակ Զաքարյանը նշեց, որ կատարվածը սովորական կատակ էր և իր մեջ վտանգավորություն չէր պարունակում:
«Լավ կատակ էր, ծիծաղելի էր, դրանից ոչ մի բան չի փոխվի ոչ սահմանին, ոչ էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ: Հայոց հարց են սարքում լրատվականները, էդ մարդը գնացել է Նոր տարուն, կատակ է արել, ուրախացրել է, եկել է»,- նշեց ռեժիսորը:
Արշակ Զաքարյանը նկատեց, որ տեսանյութում հակառակորդը կրակել է հենց Վարդան Պետրոսյանի այցելության պահին, բայց իր կատակներից հետո լռել են: «Մեր սոցիալական ցանցերում ամբողջ օրը հայհոյում են, ինչ ասես թուրքի հասցեին չեն ասում, բա դա վտանգավոր չի՞, բա էդ ժամանակ չե՞ն մտածում, որ բան կփոխվի: Վարդան Պետրոսյանը գնաց հայհոյեց ու պատերազմ սկսե՞ց: Շրեկի արկածնե՞րն է, ինչն է, որ գնա մեկին խփի՝ պատերազմ սկսվի»,- նշեց Զաքարյանը:
Կինոռեժիսորն ընդգծեց, որ Պետրոսյանը մասնագիտությամբ է դերասան, իր նպատակը զինվորներին ուրախացնելն է: