Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական գործակցությունը կխորացվի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
Վարչապետը նշել է, որ Իրանի եւ Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս սերտացնել երկկողմ տնտեսական կապերը եւ ծավալել եռակողմ ձեւաչափով տնտեսական գործակցություն:
«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը, եւ 2017թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարեւորության մասին»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Իրանի ու Թուրքմենստանի դեսպաններն էլ նշել են, որ կարեւորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը եւ պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:
Քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ: