Պրիբուս. Թրամփը միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ հայտնի հաքերային հարձակումների համար
«Ես կարծում եմ, որ նա՝ Թրամփը, ի գիտություն է ընդունել հետաքննության արդյունքները, նա չի ժխտում, որ հաքերային հարձակումների հետևում Ռուսաստանն էր կանգնած», - ասել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարը՝ հավելելով, որ այս կապակցությամբ Ռուսաստանի դեմ կարող են միջոցներ ձեռնարկվել։
Հիշեցնենք, ավելի վաղ Դոնալդ Թրամփը հանդիպել էր Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Հանդիպումը, որի ժամանակ Թրամփին ներկայացրել էին Ռուսաստանի հաքերային հարձակումների մասին զեկույցը և գաղտնի չհրապարակված տեղեկությունը, ԱՄՆ ընտրված նախագահը կառուցողական էր անվանել։ Սակայն հարցին, թե արդյո՞ք նա համաձայն է պնդման հետ, որ Ռուսաստանը միջամտել է Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններին, Թրամփը չի պատասխանել։
Հավելենք, որ շաբաթ օրը Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորել։ «Լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ լավ է, միայն խելք չունեցող մարդիկ կարող են հակառակը մտածել», - ասել է նա։
Երկու օր առաջ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները 25 էջանոց փաստաթուղթ են հրապարակել, որում պնդում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շրջանում հաքերային հարձակումներով աջակցել Դոնալդ Թրամփին՝ ազդելով արդյունքների վրա։
Պաշտոնական Մոսկվան այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել։ Փորձագետների մի մասը կարծում է, որ Կրեմլը որդեգրել է հեռացող Օբամայի թիմի որևէ քայլին այլևս չարձագանքելու քաղաքականությունը։