«Բարսելոնայի» ճգնաժամը․ ով կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին
Վերջին շրջանում կատալոնական «Բարսելոնայի» ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքները ստիպում են խոսել ակումբում հավանական մարզչական փոփոխության մասին: Անհասկանալի ոչ ոքիներ, դժգույն խաղ, իսկ եթե այսքանին ավելացնենք վերջերս գավաթի խաղարկությունում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած պարտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի: Այս խոսակցություններն ավելի են թեժանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լուիս Էնրիկեի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, սակայն ո՛չ ակումբը, եւ ո՛չ էլ իսպանացի մասնագետը չեն շտապում երկարաձգել այն: Ուսումնասիրելով իսպանական եւ համաշխարհային մամուլում շրջանառվող լուրերը՝ Մեդիամաքս Սպորտը առանձնացրել է այն երեք մասնագետներին, ովքեր կարող են Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո զբաղեցնել նրա տեղը: Այս պահին շրջանառվում են հետեւյալ անունները՝ Խուան Կառլոս Ունսուե, Էռնեստո Վալվերդե, Ռոնալդ Կուման:
Խուան Կառլոս Ունսուե
[[gallery1]]
Ունսուեն ներկայումս Լուիս Էնրիկեի օգնականն է: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղացել է որպես դարպասապահ: 200-ից ավելի հանդիպում է անցկացրել «Սելտայի» կազմում: Կարիերայի ավարտից հետո՝ Ֆրանկ Ռայկարդի եւ Պեպ Գվարդիոլայի ղեկավարման տարիներին «Բարսելոնայում» աշխատել է որպես դարպասապահների մարզիչ: 2010-2011թթ. մարզել է Սեգունդան ներկայացնող «Նումանսիան», այնուհետեւ նորից վերադարձել «Բարսելոնա»: 2013 թվականից էլ Լուիս Էնրիկեի օգնականն է՝ նախ «Սելտայում», հետո՝ «Բարսելոնայում»: Ունսուեի շանսերը, կարծում եմ, այնքան էլ մեծ չեն: Ակումբի ղեկավարությունը նրան կարող է դիտարկել որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար այն դեպքում, եթե Էնրիկեն հեռանա մինչեւ մրցաշրջանի ավարտը:
Էռնեստո Վալվերդե
[[gallery2]]
Վալվերդեն երկու մրցաշրջան խաղացել է «Բարսելոնայում»՝ 1988-1990թթ. եւ դարձել է Իսպանիա գավաթի ու Գավաթակիրների գավաթի հաղթող: 2013 թվականից գլխավորում է Բիլբաոյի «Աթլետիկը», որի հետ 2015 թվականին դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր: Վալվերդեի մարզչական փիլիսոփայության հիմքում ընկած է հարձակողական ֆուտբոլը: Ունենալով սահմանափակումներ տրանսֆերային շուկայում («Աթլետիկում» խաղում են միայն ծագումով բասկեր)՝ Վալվերդեն կարողացել է ձեւավորել մարտունակ թիմ, որն ամեն մրցաշրջանում պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:
Ռոնալդ Կուման
[[gallery3]]
Ռոնալդ Կումանը համարվում է Լուիս Էնրիկեի ամենահավանական փոխարինողը: Հոլանդացին հիրավի մեծ հետք է թողել «Բարսելոնայի» պատմության մեջ: Հենց Ռոնալդ Կումանի տուգանայինից խփած միակ գոլի շնորհիվ էլ Յուհան Կրոյֆի գլխավորած «Բարսելոնան» 1992 թվականին Չեմպիոնների գավաթի եզրափակչում հաղթեց իտալական «Սամպդորիային»: Կումանը համարվում է ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ պաշտպանը: 17 տարվա ընթացքում նա դարձել է ավելի քան 200 գոլի հեղինակ՝ ցուցանիշ, որի մասին կերազեն շատ հարձակվողներ: Մի յուրահատուկ փաստ եւս. Կումանը իր խաղային տարիներին գրեթե վնասվածք չի ստացել:
Ռոնալդ Կումանի ֆուտբոլիստի կարիերան պարզապես հիանալի է դասավորվել: Նա Ռուդ Գելսից հետո առաջին ֆուտբոլիստն է, ով խաղացել է Հոլանդիայի երեք առաջատար ակումբներում՝ «Այաքսում», ՊՍՎ-ում, «Ֆեյենորդում»: Կարիերան ավարտելուց հետո Կումանը նախ աշխատել է Հոլանդիայի հավաքականում՝ որպես Գուս Հիդինկի օգնական, այնուհետեւ օգնել է Լուի վան Գալին «Բարսելոնայում»:
2000 թվականից սկսած Ռոնալդ Կումանը գլխավորել է «Վիտեսը», «Այաքսը», «Բենֆիկան», «ՊՍՎ»-ն, «Վալենսիան», «ԱԶ Ալկմարը», «Ֆեյենորդը» եւ «Սաութհեմփթոնը»: Ընթացիկ մրցաշրջանի սկզբում նշանակվել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ:
Ռոնալդ Կումանի մարզչական գաղափարներն համապատասխանում են հոլանդական ֆուտբոլի ավանդույթներին՝ հարձակողական ոճ, 4-3-3 տակտիկական սխեմա, ակտիվ պրեսինգ եւ խաղ առաջին համարով: Բացի այդ, Ռոնալդ Կումանը, աշխատելով Լուի վան Գալի հետ, նրանից ժառանգել է երիտասարդներին մարզելու յուրահատուկ ունակություն եւ խաղային տարաբնույթ սխեմաների օգտագործում: «Սաութհեմփթոնում» եւ «Էվերթոնում» Կումանը հաջողությամբ կիրառել է 3 պաշտպանով խաղային մոդելը: Նրա համառ եւ անզիջում բնավորությունը շատ հաճախ օգնել է դուրս գալ ծանր իրավիճակներից: Իսպանական «Վալենսիայում» աշխատելու ընթացքում Կումանը կարողացավ ակումբի հետ նվաճել Արքայական գավաթը, սակայն թիմում եղած վատ մթնոլորտն ու արդյունքների վատթարացումը ստիպեցին հոլանդացի մասնագետին լքել զբաղեցրած պաշտոնը:
Ի՞նչ կտա «Բարսելոնային» Ռոնալդ Կումանի հավանական նշանակումը
Նախեւառաջ՝ թարմություն: Այնպիսի տպավորություն է, որ Լուիս Էնրիկեն եւ ֆուտբոլիստները հոգնել են միմյանցից: Գրեթե նույն իրավիճակում է նաեւ Ռոնալդ Կումանն Անգլիայում: Նախորդ մրցաշրջանի ավարտին հեռանալով «Սաութհեմփթոնից»՝ նա փորձեց քայլ կատարել առաջ, սակայն «Էվերթոնում» խաղային եւ կառավարման առումով առկա խառնաշփոթը կարծես խոչընդոտում է Կումանի զարգացմանը:
«Բարսելոնայում» հավաքված ֆուտբոլիստների հետ Կումանը կարող է իրեն ազատ զգալ եւ հանգիստ կատարել աշխատանքը՝ կյանքի կոչելով իր տակտիկական հմտությունները: Երիտասարդների հետ աշխատելու ունակությունը նույնպես «Բարսելոնայի» օգտին կծառայի: Այս պահի դրությամբ թիմում կան երիտասարդ եւ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր ունեն փարձառու մարզչի, ավագ ընկերոջ եւ, վերջապես, առաջնորդի կարիք:
Միհրան Ալեքսանյան