«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ խուց, որտեղ 11 կալանավոր կա. պաշտպան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին դեկտեմբերի 30-ին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
«2016 թվականի դեկտեմբերի 30-ին տեսակցություն ունեի, սակայն գնացի «Դատապարտյալների հիվանդանոց» և տեսա, որ նա այնտեղ չէ: Հիվանդանոցում ինձ հրաժարվեցին պատասխանել, և միայն Մարդու իրավունքների գրասենյակի միջոցով տեղեկացա, որ նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն անձնական իրերը չէին տեղափոխել: Հիվանդանոցում թողել էին անգամ մոր տարած տոնական սնունդը, որի համար մայրը մեծ գումար էր ծախսել»,-ասաց պաշտպանը:
Հայարփի Սարգսյանի խոսքով՝ ՔԿՀ տեղափոխելու համար որևէ իրավական և բժշկական հիմք չի տրամադրվել, ավելին՝ նրան տեղափոխել են ոչ աշխատանքային օրվա ընթացքում.«Բացի այդ, Հովհաննես Հարությունյանին ոչ թե տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոց, այլ խուց, որտեղ 11 կալանավոր կա»:
Հայարփի Սարգսյանն ասաց, որ այսօր դիմումներ է պատրաստել պատկան մարմիններին ուղղված, որպեսզի պարզաբանում պահանջի Հովհաննես Հարությունյանի տեղափոխության մասին:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի հարազատներն ասում էին, որ որդին առողջական լուրջ խնդիրներ ունի և վիրավորում ստացած ոտքը սևանում է: