Ձյան աննախադեպ տեղումները կաթվածահար են արել Ստամբուլում երթևեկությունը. Թուրքիայի 36 նահանգում դպրոցները չեն գործում (տեսանյութեր, նկարներ)
Ձյան աննախադեպ առատ տեղումների հետևանքով Թուրքիայի 36 նահանգում՝ այդ թվում Ստամբուլում փակվել են տարրական, միջին և ավագ դպրոցները:
Ինչպես փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը` Ստամբուլի, Բալըքեսիրի, Ամասիայի, Իզմիրի, Մարաշի, Սըվազի (Սեբաստիա), Յալովայի, Քոջաելիի և մի շարք այլ նահանգներում ճանապարհների անանցանելիության հետևանքով դպրոցական արձակուրդ է հայտարարվել:
Առատ ձյունը կաթվածահար է արել Թուրքիայի ամենախոշոր քաղաքի երթևեկությունը, ինչպես նաև դադարեցվել են Բոսֆորի նեղուցով շոգենավերի բոլոր երթուղիները: Վերջին մի քանի տասնամյակում Ստամբուլի բնակիչները ձյան նման առատության ականատես չէին եղել:
Նշենք, որ հունվարի 6-7-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլում տեղացած ձյան շերտը հասել է 1 մետրի: