Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 16 մարդ է ձերբակալվել. Ֆրանսիայի ոստիկանություն
Առնվազն 16 մարդ է ձերբակալվել 2016 թվականի հոկտեմբերին Փարիզում ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաների:
Ոստիկանական աղբյուրը հայտնել է Agence France-Presse-ին, որ ձերբակալվել է 16 մարդ, մինչդեռ Europe 1-ը և RTL Radio-ն հայտնել են 15 ձերբակալվածի մասին:
Ֆրանսիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանին հոկտեմբերի 3-ին կողոպտել է ոստիկանական հագուստով առնվազն երկու տղամարդ, որոնք ատրճանակ են պահել աստղի քունքին:
Տղամարդիկ մտել էին Քարդաշյանի հյուրանոցային համար, այնուհետև կապել նրան և փակել լոգարանում:
Նրանք հեռացել էին դեպքի վայրից ընդհանուր մոտ 10,5 միլիոն դոլարի արժողությամբ թանկարժեք զարդերով:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալություններն իրականացվել են հանցագործության վայրում թողած ԴՆԹ-ի հետքերի օգնությամբ: Ձերբակալությունները կատարվել են Փարիզում վաղ առավոտյան իրականացված գործողությունների ժամանակ: