Տեղադրված է եղել գազի վառարան՝ առանց խողովակների. Մուսալեռի գյուղապետը ընտանիքի 3 անդամի մահվան հանգամանքների մասին
Մուսալեռում ընտանիքի 3 անդամների մահվան նախնական պատճառ է նշվում գազից թունավորումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը:
«Մահվան հանգամանքները կպարզեն իրավապահները, սակայն որպես նախնական վարկած շրջանառվում է, որ նրանք մահացել են գազի արտահոսքի հետևանքով: Ընտանիքի մայրը զգուշացրել է, որ գազի վառարանը չօգտագործեն, սակայն, հավանաբար, միացրել են այն, ինչից էլ թունավորվել են»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ վարձակալած տանը տեղադրված է եղել գազի վառարան՝ առանց խողովակների:
Էդգար Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ ընտանիքի անդամների դիերը հավանաբար գտել են դեպքից մեկ օր անց, որովհետև մոր՝ դռան զանգերին երիտասարդ ընտանիքը չի արձագանքել նաև հունվարի 7-ին. «Հունվարի 7-ին դուռը չեն բացել, նույնը կրկնվել է նաև հունվարի ութին: Կանչել են փրկարարներին, ովքեր էլ հայտնաբերել են դիերը»:
Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում մահացած էին հայտնաբերվել ընտանիքի 3 անդամները՝ 1997 թ. ծնված Ա. Մ.-ն, 1990 թ. ծնված Հ. Բ.–ն և 2016 թ. ծնված Ա. Բ.-ն: