«Վանաձոր Քիմպրոմ»-ի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր հերթական բողոքի ակցիայի են դուրս եկել
Լուսանկարը՝ Armlur.am–ի
«Վանաձոր Քիմպրոմ»-ի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր հերթական բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք հավաքվել են Լոռու մարզպետարանի դիմաց՝ պահանջելով անցած ամիսների չվճարված աշխատավարձերը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մի խումբ աշխատակիցների ընդունել է և այս պահին խորհրդակցություն են անցկացնում։
«Այո, եկել ենք, զրուցել եմ իրենց հետ, խորհրդակցություն է հիմա մոտս: Առայժմ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,-ասաց նա:
Նշենք, որ աշխատակիցները դեռ 2012 թ.-ին դատի էին տվել ՋԷԿ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությանը: 2014 թվականին դատը շահել էին, բայց մինչ օրս 153 աշխատողներից ոչ մեկն իր գումարը չի ստացել: Դատարանը սնանկ էր ճանաչել ընկերությանը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամի աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ընկերությունը գույք չունի:
Աշխատավարձի պարտքերը մարելու էր ընկերության իրավահաջորդ «Վանաձոր Քիմպրոմ»-ը, որը ևս սնանկ է ճանաչվել այս տարեսկզբին: