«Աստղային պատերազմների» Լեային դիսնեյյան արքայադուստր ճանաչելու վերաբերյալ խնդրագիր է հայտնվել
Change.org կայքում խնդրագիր է հայտնվել, որն ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի հերոսուհի Արքայադուստր Լեային պաշտոնապես դիսնեյյան արքայադուստր ճանաչելու խնդրանք է պարունակում:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, խնդրագիրն արդեն ավելի քան 90 հազար ստորագրություն ունի՝ անհրաժեշտ 150 հազար ստորագրությունից: Խնդրանքն ուղղված է Walt Disney Company ընկերությանն ու Walt Disney-ի ղեկավար Բոբ Այգերին:
Խնդրագրի տեքստում ասվում է, որ Լեայի դերը խաղացած դերասանուհի Քերի Ֆիշերի մահից հետո ընկերությունը կարող է հրաժարվել կանոնից, որի համաձայն պաշտոնական դիսնեյյան արքայադուստրը պետք է անիմացիոն հերոսուհի լինի:
Ընկերությանը կոչ են արել միջոցառում անցկացնել Լեայի պատվին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին մահացել է ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը, որն առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի տարբեր մասերում Արքայադուստր Լեայի դերով: