ՀՀ-ն իր հերթը ոչ մեկին չի տալու, ռոտացիոն կարգը դեռ չի սկսվել. Է. Շարմազանովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարման դադարեցմանը, հայտնեց, որ նրա պաշտոնավարման ժամկետը դեկտեմբերի 31-ին լրացել էր և հունվարի 1-ից պետք է նոր մարդ նշանակվեր, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընտրում են ՀԱՊԿ խորհրդի բոլոր նախագահները՝ կոնսենսուսի միջոցով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բելառուսական կողմը բացակայում էր՝ այդ հարցը տեղափոխվել է մինչև ապրիլի գագաթաժողով, և քանի որ Բորդյուժայի ժամկետը սպառվել էր, նրան փոխարինել է իր առաջին տեղակալը, ով ոչ թե դարձել է գլխավոր քարտուղար, այլ դարձել է պաշտոնակատար: Ինչպես օրինակ՝ երբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, Էդուարդ Շարմազանովը 20 օր դարձավ ԱԺ նախագահի պաշտոնակատար, բայց Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ»,-ասաց նա և պարզաբանեց, որ սա չի նշանակում, որ եթե առաջին տեղակալը պաշտոնակատար է դարձել, ինքն էլ պետք է մնա պաշտոնին:
«Ոչ մի աժիոտաժի կարիք չկա, ոչ մի գաղտնիություն չկա, պարզապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնական օրեր են եղել՝ որոշ լուրջ վերլուծաբաններ սկսեցին խոսել բաներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված՝ քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան: Իսկ Հայաստանն աշնան սկզբին չստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, քանի որ այն ժամանակ էլ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիվանդացավ, որն էլ ստացավ «դիվանագիտական հարբուխ» անվանումը:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնելու հերթը Հայաստանինն է, եթե ռոտացիան լինի այբբենական կարգով:
«Այբբենական կարգով առաջինը գալիս է Ա-ն, իսկ Ա տառով այնտեղ բացի Հայաստանից այլ պետություն չկա, այլ տարբերակ չկա՝ անհոգ եղեք: Այդ լուրջ վերլուծաբաններին կխնդրեի, որ անտեղյակությունից ելնելով հասարակությանը թյուրիմացության մեջ չգցեին, թեև ես շատ լավ հասկանում եմ, թե նրանք ինչու են դա անում: Մի հատ ՀԱՊԿ կանոնադրությունը թող կարդան, ախր խոսում են մարդիկ, որ չգիտեն՝ ՀԱՊԿ-ը ինչ է»,-ասաց նա և նշեց, որ ՀԱՊԿ-ում ոչ մի անսպասելի բան չկա, և հայկական կողմը շատ լավ ամեն ինչից տեղյակ է:
«Հայաստանն իր հերթը ոչ մեկին չի տալու, ռոտացիոն կարգը դեռ չի սկսվել: Հայկական շահերը հայկական կողմը շատ լավ պաշտպանում է՝ և՛ արտգործնախարարը, և՛ պաշտպանության նախարարը, և՛ ես՝ որպես խորհրդարանական պատվիրակության ղեկավար, և՛ Խոսրով Հարությունյանը՝ որպես այնտեղ քաղաքական հանձնաժողովի նախագահ, և բոլորը»,–ասաց նա։
Անդրադառնալով Չինարի գյուղի պաշտպանական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի կատարած դիվերսիոն հարձակման վերաբերյալ Նիկոլայ Բորդյուժայի՝ դեկտեմբերի 29-ի հայտարարությանը, որտեղ նա օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չի տեսնում այդտեղ՝ ի պատասխան՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝ այդ հայտարարությունը վտանգավոր համարելուն:
«Դա շատ կարևոր և եզակի հայտարարություն էր, որտեղ միջազգային կառույցը՝ ՀԱՊԿ-ը, հասցեական գնահատական է տալիս Ադրբեջանի գործողություններին՝ անվանելով դա սադրանք, երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ասում է ոչ միայն Բորդյուժան, այլ նաև ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում տեղադրվում է այդ տեքստը։ Ադրբեջանական, ալիևյան կայքերը, պրոպագանդան խառնվել էին իրար, և դրա վտանգավորը ո՞րն է: Բորդյուժան գնալուց առաջ շատ ճիշտ հայտարարություն արեց և գնաց»,-ասաց նա: