Մերիլ Սթրիփի՝ Թրամփի դեմ ուղղված ելույթը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում (տեսանյութ)
Հոլիվուդի ամենասիրված ու հարգված դերասանուհիներից մեկը՝ Մերիլ Սթրիփը, Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ հանդես է եկել տպավորիչ ճառով, որն անտարբեր չի թողել ոչ միայն ներկաներին, այլև համացանցի հազարավոր օգտատերերի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Սթրիփի քննադատական ելույթն ուղղված է եղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ չնայած, որ օսկարակիր դերասանուհին նրբանկատ է գտնվել ու երկրի նոր ղեկավարի անունն ուղղակիորեն չի նշել:
Սթրիփը հոլիվուդյան հայտնի դերասանների օրինակների վրա ընդգծել է, թե որքան կարևոր դերակատարում ունեն այլազգիներն ու ներգաղթյալներն ամերիկյան կինոարդյունաբերություն բնագավառում:
Ակնարկելով Թրամփի՝ ներգաղթյալների դեմ ուղղված հայտարարությունները՝ Սթրիփն ասել է, որ եթե Հոլիվուդից հեռանան բոլոր օտարերկրացի գործիչները, ապա ամերիկացիներն այլևս դիտելու բան չեն ունենա:
Այս ելույթից հետո տարբեր սոցկայքերի օգտատերեր՝ այդ թվում նաև բազմաթիվ հայտնի դեմքեր, արձագանքել են Սթրիփի խոսքերին: Նրանց մեծ մասն իրենց երախտագիտությունն է հայտնել դերասանուհուն ցավոտ խնդիրների մասին բարձրաձայնելու համար, մինչդեռ Թրամփի աջակիցների մի մասն էլ քննադատել է նրան:
The Independent-ը հավելում է, որ Թրամփն անդրադարձել է աղմկահարույց ելույթին՝ նշելով, որ Մերիլ Սթրիփը Հիլարի Քլինթոնի աջակիցն է: