Դեկտեմբերի 22-ի դատական գործերի քրոնիկոն
Վաղը Կենտրոն և Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ավետիս Դանիելյանի` ապօրինի կերպով , ուրիշի քարտով բանկոմատ մուտք գործելու փաստով հարուցված քրեական գործով դատավարությունը:
Ըստ մեղադրանքի` նա 2016թ. հուլիսի 9-ին Քրիստինե Աստաբացյանից հափշտակված «Աքբա կրեդիտ ագրիկոլ բանկ» -ի քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացի 33/3 հասցեում գտնվող բանկոմատ կանխիկացրել և հափշտակել է ընդհանուր զգալի չափերի` 17.000 ՀՀ դրամ գումար:
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում էլ նշանակված է Կարեն Վոլոդյայի Գրիգորյանի դատաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2016թ. մայիս ամսից հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Ն.Խարբերդ Ա/Ը 12 փող. 71 հասցե` Մառլենա Գևորգյանին պատկանող ամառանոց, և այնտեղից գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող 23.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողության գյուղատնտեսական գործիքներ:
Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Արման Նիկողոսյանի դատը: Նրանք մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ժենիկ Հոբոսյանին ներկայացել է որպես փաստաբան, օգտվելով վերջինիս բնակարանը կորցնելու ծանր կացությունից և ՀՀ դատախազությունում իբրև իր ունեցած ծանոթ դատախազին 1000000 ՀՀ դրամ գումար կաշառք տալու միջոցով բնակարանը հետ վերադարձնելու պատրվակով, Ժ.Հոբոսյանից պահանջել և նրա բնակարանում խաբեությամբ ստացել է խոշոր չափերի` 1000000 ՀՀ դրամ գումար: