Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել 2023թ.-ին. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի ՄԵդվեդևը Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից կառուցվող թուրքական «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել 2023թ.-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:
«Մեր գործընկերները մեզ հայտնել են, որ աշխատանքները կկատարվեն ամենակարճ ժամկետներում: Այս նախագիծն ի հայտ է եկել 2010թ.-ին: Ներկա պահին ավելի դանդաղ է առաջ գնում, քան կցանկանայինք, սակայն այս փուլում հնարավոր է արագացնել նախագծի իրականացման աշխատանքները: «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել 2023թ.-ին»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:
Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։