Իսրայելում ի նշան բողոքի տեղադրել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի ոսկեզօծ արձանը
Թել Ավիվի կենտրոնում երեքշաբթի առավոտյան տեղադրվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ոսկեզօծ արձանը:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, քանդակագործ Իտայ Զալաիտը առանց քաղաքային իշխանությունների թույլտվության 4.5 մետր երկարությամբ քանդակ է տեղադրել Իցհակ Ռաբինի անվան հրապարակում` քաղաքապետարանի դիմաց:
Քանդակագործն այն անվանել է «Բիբի արքա», ինչպես հաճախ անվանում են Նեթանյահուին: Քանդակագործը մեկնաբանել է, որ արձանը պետք է դառնա որոշ իսրայելցիների կողմից քաղաքական գործչի իդեալականացման դեմ բողոքի խորհրդանիշը:
Երկրի մշակույթի նախարար Միրի Ռեգևը ֆեյբուքյան էջում գրառում է կատարել` ասելով, որ «արձանը Նեթանյահուի նկատմամբ ատելության արտահայտությունն է»:
Թել Ավիվի քաղաքային վարչակազմը կոչ է արել քանդակագործին ապամոնտաժել արձանը: Եթե նա հրաժարվի դա անել, քաղաքային իշանություններն իրենք կհեռացնեն քանդակը և կտուգանեն քանդակագործին: