Մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել են 3.2 տոկոսով. ԱՎԾ
Այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում առևտրի շրջանառության ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 1 753 834.1 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.1 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 3.2 տոկոս նվազում` մինչև 965 391.7 մլն դրամ, մեծածախ առևտրի ոլորտում արձանագրվել է 2.5 տոկոս անկում` կազմելով 716 956.9 դրամ, իսկ ավտոմեքենաների առևտրի ծավալը (ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ` դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով և կազմել 71 485.5 դրամ:
Մանրածախ առևտրի ոլորտում 2.1% աճ է գրանցվել խանութների առևտրի դեպքում, 2% նվազում է գրանցվել սպառողական ապրանքների դեպքում և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների պարագայում`6,3% նվազում, 4,5%-ով նվազել է կրպակների առևտուրը, իսկ առևտրի այլ օբյեկտների առևտուրը նվազել է նախորդ տարվա համեմատ 25,9%: