Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի հայրը 1988-ի դեկտեմբերի 7-ին կորցրել էր ողջ ընտանիքն ու Հրաչ անունով որդուն
Արցախյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի հայրը` Վարդան Գալստյանը, վաղը` դեկտեմբերի 7-ի առավոտյան գերեզմանոց է այցելելու և ծաղիկներ է դնելու 1988 թվականի երկրաշարժից կորցրած ընտանիքի` կնոջ, դստեր, 3 տարեկան որդու` Հրաչի ու ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի գերեզմաններին:
Երկրաշարժի հետևանքով կորցրած ավագ որդու՝ «մեծ» Հրաչի անունն էլ դրել էր փոքր Հրաչին` 1990 թվականին կրկին ամուսնանալուց ու կյանքը զրոյից սկսելուց հետո։
«Երկրորդ ամուսնությունից առաջնեկս Հրաչոս էր` 1991-ին ծնվեց»,-Tert.am –ին պատմեց երեք զավակներին կորցրած ու երկու ողջ զավակ ունեցող հայրը:
Նրա համար երկու հավասարազոր ծանր տարեթվեր են` 1988թ.-ի դեկտեմբերի 7-ը և 2016-ի ապրիլի 3-ը. միակ տարբերությունն այն է, որ 1988 –ի երկրաշարժը լրիվ անսպասելի էր, ապրիլի 3-ը՝ ոչ, որովհետև որդին զինվորական էր, ու անընդհատ վախը սրտերում էին ապրում :
«Հինգ տարի է` տղես Ղարաբաղ էր, գիշեր-ցերեկ մենք տանջանքով սպասում էինք ու էդ երկու ամիսն էր մնացել, էրեխես պետք է գար, դեպքը եղավ»,-ասաց Հրաչ Գալստյանի հայրը:
«Աստծուն էնքան կհավատամ, որ Աստված կանչելով ապրում եմ, ու ոչ հավատքս է ճիշտ , ոչ էլ...»,-ասում է Վարդան Գալստյանը:
Նա ասում է, որ ապրելու ուժը թոռնիկն է` Հրաչի դուստրը և, իհարկե, երկու զավակները` որդին ու դուստրը:
«Բայց դե, ցավ եմ ապրում, որ էրեխուս նկարի վրա սև ժապավեն է»,-ասում է Վարդանը:
Նա վիրավորված է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը որդուն չի ներկայացրել «Մարտական խաչ» շքանշանի, ասում է`« էրեխուս ճիշտ գնահատում էլ չտվեցին»:
«Ղարաբաղը սեպտեմբերի 1-ով տվեց իրեն «Մարտական Խաչ», բայց Հայաստանը չէ, թե ինչի համար, ես չիդեմ: Մտածում եմ` գումարային հարց է, դրա համար չեն տալիս»,-ասում է Վարդան Գալստյանը, ով մի քանի դիմում ուղարկել է նախկին նախարար Սեյրան Օհանյանի, մեկն էլ Վիգեն Սարգսյանի անունով:
«Ինձ ասում են` հլը կհետազոտենք, կքննենք, թե ինքը ինչեր է էրե, ինչ հերոսություններ է էրե: Ու հլը կհետազոտեն: Ես գիտեմ, թե իմ էրեխես ինչ հերոսություն է արել: Հենց իմ էրեխուս կատարած հերոսության առթիվ հիմա Թալիշը ազատության մեջ է: Ու էնպես չէ, որ էդ էրեխու աշխատանքը էդպես անտեսված մնա»,-ասում է Ապրիլյան պատերազմում զավակին կորցրած հայրը: