Բնապահպաններն Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարությունից պատասխան են ակնկալում
Վարչապետ Կարեն Կարապետյանն օրեր առաջ հանդիպել է բնապահպաններին. հանդիպման ընթացքում խոսել են նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործումից:
Tert.am-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը նշեց, որ քննարկել են հանքարդյունաբերության խնդիրները, դրա հետևանքով բնության, գյուղատնտեսության, տուրիզմի վնասները:
«Իսկ Ամուլսարի մասով վարչապետն ասաց, որ արդեն ուշ է, աշխատանքները սկսվել են»,- ասաց բնապահպանը:
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ն ներկայացնող Սիլվա Ադամյանը ևս տեղեկացրել էր, որ Ամուլսարի մասին վարչապետը տվել է ուղիղ, անկեղծ պատասխան, որ հանքը շահագործողները շատ լուրջ ներդրումներ են արել Հայաստանում՝ 380 միլիոն դոլար:
«Կարելի է հասկանալ, որ ընկերության դեմ այդ առումով ոչինչ անել հնարավոր չէ՝ փորձաքննությունն անցած է, ներդրումներն արված են: Վարչապետը պարզ ու շիտակ ասաց, որ Ամուլսարի հանքի պրոցեսն անդառնալի պրոցես է, և դրա պատճառն այն չէ, որ կառավարությունը համամիտ է այն ամենի հետ, ինչ այնտեղ կատարվում է, այլ թե ինչ ծավալի ներդրումներ են արվել, ու այլևս ոչինչ անել հնարավոր չէ»,-նշել էր Ադամյանը:
Tert.am-ի հետ զրույցում բնապահպան Ապրես Զոհրաբյանը նշեց, որ տեղյակ չի եղել վարչապետի հետ հանդիպումից և եզրակացրեց, որ հրավիրվել է բնապահպանների ավելի ակադեմիական շրջանակը, իսկ ակտիվիստ բնապահպանների շրջանակը չի մասնակցել:
«Բայց ասեմ, որ եթե վարչապետն ասում է, որ խնդիր կա, բայց իրենք ներդրումներ են արել Ամուլսարի հանքի շահագործման համար, չի նշանակում՝ ուրեմն վերջ: Թող խելոք լինեին, ներդրում չանեին. գազամուղը ո՞նց էր, ներդրում արել էին, չէ՞, բայց փոխեցին։ Հիմա եթե խնդիր կա, պետք է միասին լուծել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ «ակտիվիստ բնապահպանների շրջանակով» իրենք նամակ են ուղղել վարչապետին, հարցեր բարձրացրել՝ նշելով հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը և պատասխան են ակնկալում:
Համահայկական բնապահպանական ճակատի նախաձեռնող խմբի անդամ Լևոն Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ վարչապետի, ոչ էլ բնապահպանության նախարարի հետ ոչ մի հանդիպման չեն մասնակցել, չնայած որ նախարարի հետ հանդիպմանը հրավիրվել են, սակայն հրաժարվել են մասնակցել՝ հիմնավոր պատասխանելով, թե ինչու:
«Մենք նամակ ենք հրապարկել, կայքում էլ դրված են վարչապետին ուղղված 6 կոնկրետ հարցերը, և պատասխանն ուզում ենք իմանալ որպես հանրության այն զանգված, որը հետաքրքրված է մեր երկրի էկոլոգիական անվտանգության և նաև պետական անվտանգության հարցերով: Հարցերը ուղղված են կոնկրետ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերի հետ կապված, որոնք կառավարությունը չի գնահատել իր նախագծում, ծրագրերում, փաստաթղթերում: Մեզ պետք է հասկանալ՝ կառավարությունն ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ, ոչ թե այն, ինչ գրել է թղթերի մեջ, որոնք միգուցե իրենց բարի ցանկություններն են, երբ բոլոր անկախ փորձագետները հակառակն են պնդում»,-ասաց նա:
Լևոն Գալստյանը նշեց, թե հարց է, թե ինչպես են բաց հանքը հսկայական ծավալներով շահագործելու, իսկ Արփա-Սևան թունելին ոչ մի բան չի սպառնալու։
Դիտարկմանը, որ վարչապետն ասել էր, թե Ամուլսարն անդառնալի պրոցես է այլևս, բնապահպանն արձագանքեց. «Մեզ չի հետաքրքրում՝ վարչապետն ինչ է ասել, ոչ թե չենք հարգում, դրա մասին է, չէ խոսքը։ Ուղղակի մեզ չի հետաքրքրում՝ ներդրո՞ւմ են արել, փող են ծախսել, տնտեսության համա՞ր է, թե ինչ: Մենք գտնում ենք, որ այդ ծրագիրը ոչ թե ներդրում է, այլ ներդրում է էկոլոգիական և պետական անվտանգությունը սպառնալիքի տակ առնելու: Եթե Կառավարությունը և մյուսները ներդրում են ուզում, խնդիրն իրենցն է. մենք՝ բնապահպաններս, տեսնում ենք՝ համաշխարհային փորձի վրա, որ դա ազդելու է մեր ռազմավարական ջրային պաշարների վրա»,-ասաց նա և նշեց, որ եթե այդ մարդիկ չեն ուզում տեսնել, հասկանալ այդ վտանգը, ուրիշ բան:
«Մենք, միևնույն է, մեր գործն անելու ենք՝ ակցիաներով, նամակներով, նաև համաշխարհային մասշտաբներով աղմուկ բարձրացնելով: Մենք պետք է հասնենք մեր նպատակին, որը մաքուր, գեղեցիկ բնություն, Հայաստան ունենալն է, որը հիմնված է լինելու այլ տնտեսական զարգացումների վրա, ոչ թե այս ձևի ու այս մասշտաբների նախագծերի հիման վրա, որի փողերը գնում են տարբեր օֆշորային ընկերությունների կամ մարդկանց ու կազմակերպությունների գրպանները»,-ասաց նա:
Հարցին, թե չկա՞ն արդյոք ռիսկերը նվազեցնելու համար մեխանիզմներ, Գալստյանը նշեց, որ ցանկացած հանքարդյունաբերական գործընթացում կան ռիսկեր, որոնք հնարավոր է մեղմել, կան ռիսկեր, որոնք որ անկառավարելի են:
«Ամուլսարում անկառավարելի կլինեն այն ռիսկերը, որոնք վերաբերում են ստորգետնյա և մակերևութային ջրերին: Դու չես կարող 300 հա բաց հանքի տարածքում, որտեղ ձյուն է գալու, այդ հալոցքը կառավարել, չկա տեխնիկական հնարավորություն։ Հալվելու է, ներծծվի Ամուլսարի ծակոտկեն հրաբխային ապարների մեջ, ամբողջովին թթվային դրենաժ է առաջանալու, և այդ ջրերը, որոնց մեջ բազմաթիվ ծանր և վտանգավոր մետաղներ կան, խառնվելու են ստորգետնյա ջրերի հետ, հետո տեղափոխվելու են նաև Սևան։ Այդ պրոցեսը հնարավոր չէ վերահսկել, դրա մասին ոչ մի խոսք չկա»,-ասաց նա: