Թուրքիան և Ադրբեջանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի որոշումների վրա չեն կարող ազդել. Սուրեն Սարգսյան
Թուրքիան՝ որպես Ադրբեջանի եղբայր պետություն, բոլոր հարթակներն էլ օգտագործում է ԼՂ հիմնախնդրի մասին խոսելու համար։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թաֆթս» համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը՝ պատահական չհամարելով, որ վերջերս Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ նորից քննարկվեց հիմնախնդիրը:
«Ամեն անգամ դժգոհում են հայերից, նորմալ պրակտիկա է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում, Հայաստանը մշտապես հանդես է գալիս իր դիրքորոշմամբ, որ Թուրքիան չի կարող ներգրավվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Սուրեն Սարգսյանն այս առիթով նաև հիշատակեց Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ Թուրքիան պետք է հնարավորինս հեռու մնա ԼՂ կարգավորման գործընթացից:
Նշենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան խոսել էր ԼՂ հիմնախնդրի մասին՝ գովերգելով Ռուսաստանի մասնակցությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Լավրովի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն մեկնել էր Բաքու: Հատկանշական է, որ գրեթե նույն օրերին Բաքվում հանդիպումներ են եղել Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների միջև։
Սուրեն Սարգսյանը, քննելով Թուրքիայի և Ռուսաստանի զարգացող հարաբերությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ԼՂ հիմնախնդրի վրա, մատնանշեց մեկ այլ հանգամանք.
«Վերջերս ՌԴ նախագահը վավերացրեց արտաքին քաղաքականության ուղենիշները, թե ինչպես է Ռուսաստանը իրագործելու իր արտաքին քաղաքականությունը: Հետաքրքիր մի բան կա. գրված է, որ Ռուսաստանը ձգտելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և հետաքրքիրը նաև այն է, որ Ադրբեջանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ որևէ դիտարկում չկա: Հայաստանի մասին նշված է, որ դաշնակից է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է: Հնարավոր է, որ հենց այս փաստաթղթից ելնելով՝ Թուրքիայի արտգործնախարարը փորձել է ճշտել ռուսաստանցի իր գործընկերոջից՝ ինչո՞ւ այդ առաջնահերթություններում չկա Ադրբեջանը»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտությունը այս պարագայում լավ է աշխատում. մշտապես շեշտվում է, որ ԼՂ հիմնախնդրում բանակցություններ կարող են լինել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. այլ երկրները, ինչպես Թուրքիան է, չեն կարող ներգրավվել գործընթացին:
Սուրեն Սարգսյանը համաձայնեց դիտարկման հետ, որ հնարավոր է՝ Ադրբեջանը փորձում է Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի վրա ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրում։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պարզապես օգտագործում է բոլոր հնարավոր հարթակները ազդելու որոշումներ կայացնող երկրների վրա:
«Վերջերս նորից հանդիպումներ եղան Ադրբեջանի և Թուրքիայի բարձր ղեկավարությունների միջև, և կրկին հնչեց, որ երկու երկրները մեկ ազգ երկու պետություն են: Ես կարծում եմ, որ այդ քաղաքական թեզն արդեն միս և արյուն է ստանում և օգտագործվում արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե Ռուսաստանն ինչ ազդեցություններ կկրի Թուրքիայի և Ադրբեջանի միասնական քաղաքականությունից, Սուրեն Սարգսյանը նշեց, որ չի կարծում, որ ՌԴ-ի որոշումների կայացման վրա որևէ երկիր, այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան, կարող են ազդել:
«Ռուսներն առաջին հերթին առաջնորդվելու են իրենց շահով, և սա նորմալ է, բնական է: Գերտերության համար դա նորմալ երևույթ է»,- ասաց նա՝ մատնանշելով, որ այս պարագայում Ռուսաստանի համար շահեկանը ԼՂ հիմնախնդրում էսկալացիայի թուլացումն է, տարածաշրջանում իր ազդեցությունների չանհետանալը:
«Եթե Թուրքիան այստեղ ուժեղացնի իր դիրքերը, դա չի բխի ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրամիության, ոչ էլ Ռուսաստանի շահերից»,- ասաց նա: