Ի՞նչ ենք արել, որ այդքան հանգստանում ենք. Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ ՀՀ-ում հանգստյան օրերը շատ են, ինչից տնտեսությունը տուժում է
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ Հայաստանում հանգստյան օրերը շատ են, ինչից տնտեսությունը տուժում է: «Ցանկացած պարագայում մի ժամվա աշխատանք էլ նշանակություն ունի հարստությանն էլ ավելի հարստացնելու համար: Աշխատանքն է ստեղծում բարիք, որոնցից օգտվում ենք՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում ռացիոնալ չի իրականացվում աշխատանքի արդյունքները և լավ չի բաշխվում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա, այդուհանդերձ, գոնե որպես այդպիսին չպետք է աշխատանքի դեմ խոչընդոտներ ստեղծել հանգստյան օրերին:
«Ի՞նչ հանգստյան օրեր, հասկացանք, ի՞նչ ենք արել, որ հիմա էլ այդքան հանգստանում ենք, նման դեպքերում ես կողմ եմ հնարավորինս շատ աշխատելու և շատ բարիք ստեղծելուն»,-ասաց նա:
Նշենք, որ առաջիկա Ամանորի և Ծննդյան տոներին հանգստյան օրերի փոփոխություն չի նախատեսվում, ոչ աշխատանքային կլինի 8 օր:
«Դա ոնց որ բիզնեսի դեմը կանգնենք, հասկանում եք»,-բացատրեց Բոստանջյանը և նշեց, թե իր համար էլ չաշխատելը դժվար է:
«Ես իմ էությամբ, նատուրայով այնպիսի մարդ եմ, որ այդ օրերի հետ դժվար եմ համակերպվում, ինձ թվում է, ոչ միայն ես, այլ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Ընդհանրապես մի գործով պետք է զբաղվեն, եթե, իհարկե, գործի իհարկե գործի տեր մարդիկ են, բնականաբար իրենց տուն մնալը իրենց բնականոն ուղեծրից հանում է, և ես չեմ լսել դեռևս հակառակն արտահայտող մեկին»,-ասաց նա:
Տնտեսագետը անդրադարձավ նաև մեռելոցներին. «Բոլորին հասկանալի է, թե որտեղից են գալիս այդ հրահանգները և ինչպես են կատարվում, մարդիկ ուրախ պետք է լինենք, որ ՀՀ-ում ամեն օր մեռելոց չեն անում»,-ասաց նա: