Ադրբեջանը փոքր «կտցհարումներով» փորձում է ուշադրություն գրավել. Մանվել Եղիազարյան՝ հրադադարի խախտումների մասին
Ադրբեջանը պարբերաբար փորձում է ԼՂՀ սահմանին լարավածություն ստեղծել՝ սեփական հասարակությանը երկրում առկա խնդիրներից շեղելու համար։ Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը չի կարող մոտ ապագայում հանգեցնել լուրջ մարտական գործողությունների՝պատերազմի։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Սահմանին վերջին երկու շաբաթում տիրող իրավիճակը ընդամենը Ադրբեջանի կողմից փոքր «կտցահարում է», գրավելու թե՛ միջազգային հանրության, թե՛ սեփական հասարակության ուշադրությունը։ Միշտ, երբ խոսվում է բանակցությունների մասին հրադադարի ռեժիմն ինտեսիվորեն խախտվում է, հետո հանդարտվում, ինչպես հիմա է, պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է ստանա արտաքին թույլատվություն»,-մանրամասնեց ազատամարտիկը։
Մանվել Եղիազարյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը, ամեն դեպքում, չպետք է կորցնի զգոնությունը, անհրաժեշտ է անվտանգության գոտին ընդլայնել, առաջնագիծը ամրացնել։
«Պաշտոնապես իշխանություններն ասում են, որ ինժեներական աշխատանքներ են կատարվել, անվտանգության ընդլայնման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, չեմ կարծում, որ բացահայտ խաբում են, ապրիլին մի շարք խնդիրներ ցայտուն երևացին, առաջին հերթին զինվորի անվտանգության համար դրանք պետք է շտապ լուծվեին»,-նշեց Մանվել Եղիազարյանը։ Ազատամարտիկը կարևորեց նաև Թալիշում ընթացող բարեկարգման աշխատանքները։
Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարություններին, որ Ադրբեջանը պատրաստվում է երկարատև պատերազմի համալրվում է հրթիռային արկային զինատեսակներով, ապա Մանվել Եղիազարյանն ասաց, որ չի կարող այդ թեմայի շրջանակում խոսել։
«Ամեն մի հայրենասեր վախենում է իր հայրենիքի անվտանգության համար»,-եզրափակեց նա։