Իրանն այն երկրների շարքում է, որի հետ կարևորվում է առևտրի ազատ գոտու ստեղծումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիի հետ: Հանդիպմանը քննարկվել է Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին առևտրային գործակցության ուղղությունները քննարկելու հնարավորության համար՝ նշելով, որ առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը կարևորագույնն է ԵԱՏՄ և Իրանի միջև առկա հարաբերություններում: Ըստ նրա՝ Իրանն այն երկրների շարքում է, որի հետ կարևորվում է առևտրի ազատ գոտու ստեղծումը.
«Մենք կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է ԵՏՀ նախագահը:
Իր հերթին դեսպան Սանահին հավաստիացրել է, որ Իրանի մտադրությունները լուրջ են ԵԱՏՄ երկրների հետ ԱԱԳ ստեղծման հարցում և հաստատել, որ իր երկիրը շահագրգռված է արդյունավետ գործակցություն ձևավորելու մեջ: Նա նշել է, որ Իրանը լավ առևտրատնտեսական հարաբերություններ ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ, ուստի կան բոլոր հիմքերն արդյունավետ համագործակցության համար:
Նշվում է, որ կողմերը հավանություն են տվել Սանահիի առաջարկին Իրանում խորհրդաժողովի կազմակերպման առաջարկին, որի նպատակը կլինի լուսաբանել ԵՏՀ աշխատանքը, ԵՏՄ գործելաոճն ու Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները: