Պետք է մշակել կրթակարգի լավագույն նախագիծը, ասել է նախարարը
«Մենք պետք է ազնվորեն հարցնենք ինքներս մեզ՝ առաջարկվող կրթակարգի նախագիծը բավարարո՞ւմ է մեր պահանջներին: Եթե այո՝ փորձենք կատարելագործել այն, եթե ոչ՝ անկախ նրանից, որ որոշակի աշխատանք արդեն կատարվել է, առաջարկենք մասնագետներին մի քանի նախագծային նոր առաջարկներ ներկայացնել, որպեսզի համատեղ քննարկումների ժամանակ լավագույն տարբերակը ստանանք»,- ասել է Լեւոն Մկրտչյանը՝ կրթակարգի մշակմանը նվիրված խորհրդակցության ընթացքում:
Նախարարի խոսքով՝ կրթակարգին հաջորդելու են կրթական ծրագրերի եւ հենքային առարկայական ուսումնական պլանների մշակման աշխատանքները, որտեղ հստակեցվելու են առարկայական ծավալների տեղաբաշխվածության հարցերը:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ առարկայական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ընդգրկվեն ոլորտի լավագույն մասնագետները»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:
Կրթակարգի հիմնական խնդիր է դիտվում դպրոցական ծրագրի բեռնաթափումը, դասագրքերի եւ առարկայական ծրագրերի վերանայումը, դասավանդման նոր մեթոդների ներմուծումը, ասել է նախարարը:
«Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք պահպանել նաեւ դպրոցների ակադեմիական ազատությունների շրջանակը: Առարկայական պարտադիր ծավալին զուգահեռ մենք առնվազն մեկ քառորդի չափով պետք է հնարավորություն տանք դպրոցին ինքնուրույն ձեւավորել իր կրթական ծրագիրը»,- ասել է ԿԳ նախարարը:
[voting]