«Ուրարտուն» հյուր էր Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում
«Ուրարտու» բասկետբոլային ակումբն անցած շաբաթ հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ թիմը դադարեցնում է ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում:
Այսօր «Ուրարտուի» նախագահ Արա Պողոսյանն անդրադարձել է թիմի ելույթներին, խնդիրներին ու ապագա ծրագրերին:
Ռուսաստանի Սուպերլիգա-1-ից դուրս գալու միակ պատճառը ֆինանսականը չէր, կային նաեւ այլ խնդիրներ:
1. Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որպեսզի մենք դժվարությունների առջեւ կանգնեինք:
2. Խաղացողների թվի պակասը: Վնասվածքներ ստացած մեր խաղացողներին, ըստ Ռուսաստանի ֆեդերացիայի կանոնակարգի, փոխարինելու հնարավորություն չունեինք կամ էլ նոր հրավիրվածները պետք է ունենային ՀՀ քաղաքացիություն:
Խնդիրներ ստեղծվում էին ամեն խաղից առաջ ու հետո: Կհիշեք, որ առաջին հանդիպման մեկնարկից 10 րոպե առաջ մեզ ասացին, որ 4 բասկետբոլիստ ելույթ ունենալու իրավունք չունի: Թերի Սմիթը վնասվածք ստացավ, բայց չթողեցին նրան փոխարինել, Միքայել Պողոսյանը հավաքի ժամանակ էր վնասվածք ստացել, Վիկտոր Հովսեփյանին եւս արգելեցին, քանի որ Բելառուսի 16 տարեկանների հավաքականում էր հանդես եկել, նույն խնդիրը եղավ նաեւ նրա եղբոր՝ Մարսելի հետ: Մենք զրկվեցինք բարձրահասակ բասկետբոլիստներից, միայն Օ'Բրայանն էր մնացել:
Խաղից հետո մեզ անհասկանալի տուգանքներ էին գալիս, երբ հարցնում էինք ինչու, պատասխանում էին, որ սխալ էինք նստել պահեստայինների նստարանին կամ ավել մարդ կար: Նշեմ, որ Հայաստան ժամանող թիմերի տոմսերը եւս մենք էինք առնում:
Նման պայմաններում հանդես գալով՝ մենք կրեցինք 9 պարտություն, դրանք շարունակական էին լինելու, եթե մնայինք առաջնությունում:
Մինչ առաջնության մասնակցելը մենք ռիսկերը հաշվի առել էինք, բյուջեն կարող էր կրկին բավարարել մինչեւ տարեվերջ, բայց, իսկապես, այդպիսի պայմաններում ելույթները շարունակելն իմաստ չուներ: Մենք մեր բոլոր խաղացողների աշխատավարձերը մինչեւ վաղը տալու ենք, ոչ մի խնդիր այս առումով չի առաջանալու: Երբ որոշեցինք ակումբի գործունեությունը դադարեցնել, տղաները մեզ ասացին, որ նույնիսկ առանց աշխատավարձի կշարունակեն խաղալ:
Մենք զգացինք, որ հյուր ենք Սուպերլիգա-1-ում: Հավատացած եմ, որ եթե այս հարցերը չլինեին, մենք լավագույն եռյակում կարող էինք տեղ գրավել:
Նշեմ, որ ակումբը չի փակվել, այլ պարզապես դուրս է եկել Սուպերլիգա-1-ից: Մենք պետք է խորը վերլուծենք այս ամիսների աշխատանքը ու որոշենք հունվարից հետո ինչ ենք անելու: Մի քանի տարբերակներ ենք քննարկում. մասնակցել ընկերական մրցաշարերի, կամ կիսապրոֆեսիոնալ առաջնության, Վրաստանի առաջնությանը կամ էլ Եվրոպական գավաթին:
Թիմի հիմնական խաղացողներին անպայման օգնելու ենք ակումբ գտնել իրենց համար, որպեսզի նրանք ունենան խաղային պրակտիկա ու օգնեն Հայաստանի հավաքականին: Իսկ ովքեր կմնան, ելույթ կունենան այն մրցաշարում, որտեղ որոշենք մասնակցել:
«Ուրարտու» նախագիծը նաեւ շատ լավ բաներ բացահայտեց: Այս ողջ ընթացքում մեզ տարբեր երկրների հայեր են զանգահարում, որ պատրաստ են օգնել ֆինանսապես, միայն թե շարունակենք ելույթները: Շատ հայ երիտասարդներ պատրաստ են հանդես գալ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:
Մեր նախագծի շնորհիվ վերանորոգվեց «Միկա» մարզադահլիճը, որը դեռ երկար ժամանակ կծառայի հայկական բասկետբոլին: Հիմա էլ հայտ ենք ներկայացրել Մարզահամերգային համալիրի հատակը փոխելու համար, որպեսզի մյուս տարի ընդունենք Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները: