«Մենք չենք փոշիացրել միլիոններ, հակառակը՝ խնայել ենք». սփյուռքի նախարարը ՎՊ ուսումնասիրության մասին
Սփյուռքի նախարար, հանրապետական Հրանուշ Հակոբյանը վիրավորված չէ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունից, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու:
«Ես կվիրավորեի մի դեպքում, եթե ես այնպիսի արարք թույլ տայի, որ կհեղինակազրկեր վարչապետին: Ես անցնող իմ կյանքի բոլոր ճանապարհներին որևէ անօրինականություն, խարդախություն, անշնորհքություն չեմ արել: Բայց սխալներ իհարկե կան: Այդ առումով՝ ես իհարկե չեմ վիրավորվի»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա` վարչապետն ունի իր կարծիքը, կարող է արտահայտվել, և յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը։
«Մեր կուսակցությունն ամենամասսայական է, դուք ինձնից լավ գիտեք: Է, որտե՞ղ հավաքես 150 հազար մարդ, որ բոլոր շերտերից էլ չլինեն: Մեկը կարող է այնպիսի քայլ անել, որ վիրավորական լինի: Բայց, ընդհանուր առմամբ, ամեն մեկը պետք է փորձի կուսակցության վարկանիշը բարձրացնել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությունում Վերահսկիչ պալատի կատարած բացահայտումներին, ապա Հրանուշ Հակոբյանն այդ առթիվ հայտարարեց. «Սփյուռքի նախարարությունում խախտում, անօրինականություն, չարաշահում չի եղել: Սփյուռքի նախարարությունում եղել են ընթացակարգային խախտումներ, անճշտություններ, որոնք ստուգումների ընթացքում վերացել են»:
Ըստ նրա` իրենք օրենքի շրջանակներում են քայլեր անում, խնայել են գումարներ, հետ են ուղարկել բյուջե, ու դա չի նշանակում, որ խախտում են արել:
Պարգևավճարների հատկացումները, ըստ նախարարի, նույնպես նորմալ են եղել, քանի որ նախարարության աշխատանքը ոչ նորմավորված է, երեկոյան ժամը 7-ից հետո են մնում՝ ԱՄՆ հետ աշխատելու համար, շաբաթ-կիրակի տեսաժողովներ են անցկացնում. «Նրանք շատ մեծ ծանրաբեռնված են»։
Անդրադառնալով նախարարության կողմից տպագրվող տարեգրքին՝ նախարարը նշեց, որ 2.5 կգ-անոց գիրքն առաքելը 7 եվրո կարժենա, բայց իրենք խնայում են դա և գրքերն ուղարկում ամռանը Հայաստան եկող տարբեր ծագրերի մասնակիցների միջոցով. «Մենք չենք փոշիացրել միլիոններ, հակառակը՝ խնայել ենք»: