Վախենամ, որ էս նույն կառավարությանն էս բյուջեով ընդհանրապես թաղեք. Հրանտ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին
Ժամանակակից տնտեսական քաղաքականությունը չի տեղավորվում այն տնտեսական քաղաքականության մեջ, որը 90-ականներին դուք սովորել եք: Դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Դուք առաջ չեք գնում, բարեկամս... նույն պարտքի քաղաքականությունը... ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Չինաստանը արժևորում է յուանը, ըստ էության, ստերիլիզացնում է այդ փողերը: Մենք էլ ասում ենք՝ ստերիլիզացրեք այս փողերը, բայց դուք մեզ ձեռ եք առնում, ինչ-որ բան եք բացատրում 90-ականների կեսերից, որոնք ժամանակին, ի դեպ, մենք ձեզ սովորեցնում էինք: Աշխարհը փոխվել է»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը:
Նախարարի պարզաբանումները պատգամավորը գնահատեց որպես «սուտ», ապա հարցրեց՝ բազայի փոփոխություն չի՞ լինելու: «Դուք հաճախ սուտը հարմարացնում եք: Ես վախենամ, որ էս նույն կառավարությանն էս բյուջեով ընդհանրապես թաղեք: Հին, 20 տարվա բաները անընդհատ բերում բացատրում եք մեզ»,- նշեց Բագրատյանը:
ՀՀ ֆինանսների նախարարը չհամաձայնեց Բագրատյանի հետ: «Մենք սուտ չենք խոսում, ես պատրաստ եմ ցանկացած իմ կողմից ներկայացրած թեզ հիմնավորել ժամանակակից ակադեմիական աշխարհում հիմնավորված մոտեցումներով, ոչ թե 20 տարի առաջվա»,- հավաստիացրեց Վարդան Արամյանը:
Ինչ վերաբերում է պարտքային քաղաքականությանը, ապա ֆիննախն ասաց, որ ամբողջ աշխարհում պարտքի ճգնաժամ է: «Մեր մոտեցումը պարզ է, մենք ասում ենք, երկու տարի ունեցել ենք պարտքի առաջանցիկ աճ, 15 տոկոսով աճ, ապագայում պետք է ունենանք պահպանողական վարքագիծ, ի՞նչ կա այստեղ չհասկանալու»,- ասաց Վարդան Արամյանը՝ խոստանալով, որ կհրավիրի Բագրատյանին իր մոտ և իրենք կզրուցեն:
Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց այսպես. «Լավ եք անում, որ դաս եք տալիս, բայց կարելի էր մարդկանց հրավիրել, քննարկել, հետո այստեղ ելույթ ունենալ»:
Ինչ վերաբերում է Արամյանի դիտարկմանը, թե միջազգային փորձով ինքը կարող է ապացուցել առաջ քաշած թեզերի ճշմարտացիությունը, Հրանտ Բագրատյանը՝ ցույց տալով իր ճկույթը, ասաց. «Չեմ կարծում, որ էս աշխարհում գոյություն ունի մի նոբելյան մրցանակի դափնեկիր, որը էս ճկույթի չափ կարող է ՀՀ տնտեսության վերաբերյալ առաջարկ անել»:
Բագրատյանը նշեց, որ եթե այսպես գնա՝ երկիրը կկորցնենք ու ՀՀԿ-ն չպիտի մտածի, որ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու կարող է երկիրը կառավարել: