«Ուսանողներին զինակոչելու կարգում բացառություններ կլինեն». ԿԳ նախարար
Ուսանողներին զինակոչելու կարգում բացառություններ կլինեն, քանի որ կան մասնագիտություններ, որտեղ տարկետումը պետք է հասցեական լինի:
«Կան բնագիտական ուղղություններ, որտեղ մեկ կամ երկու տարով կտրվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Խոսքը հատկապես միջուկային ֆիզիկայի բնագավառի մասին է: Այստեղ է, որ մենք պետք է բացառություններ անենք»,- այսօր խորհրդարանում պատասխանելով Tert.am-ի հարցին՝ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ըստ Մկրտչյանի՝ այդ խնդրին էլ կարելի է լուծում տալ, եթե աշխատի ռազմաարդյունաբերական կոմպլեքսը. այդ նույն երիտասարդները կարող են զորակոչվել և չկտրվել ուսումից:
«Մենք լուծումներ ունենք: Եթե մենք գիտակրթական հատվածից ենք խոսում, կան մասնագիտություններ, որտեղ երիտասարդները պետք է անընդհատ սովորեն և բարելավեն իրենց մասնագիտական որակները»,-եզրափակեց նախարարը:
Նախարարը նաև ասաց, որ ուսանողներին զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգում այս տարի փոփոխություններ չեն արվի, քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբեր ամիս:
«Դուք գիտեք, որ մենք ունենք օրենք, որը շատ լավ ապահովագրում է: Այսինքն՝ մինչև դեկտեմբեր մենք հրապարակում ենք մասնակիցների ցանկը, որպեսզի երեխաների համար կանխատեսելի լինի»,- նշեց Մկրտչյանը: Նա հավելեց, որ այդ հարցը մեծ մասով արդեն կարելի է լուծված համարել, քանի որ ուսանողների մեծ մասը զորակոչվում է բանակ:
«Խոսքը միայն ամեն տարի 600-800 ուսանողի մասին է, որ չեն զորակոչվում: Պատկերացրեք նույն կուրսում գալիս են երիտասարդները, օրինակ՝ 15 երիտասարդից 10-ը զորակոչվում է, 5-ը չի զորակոչվում: Ինչո՞ւ չի զորակոչվում, որովհետև քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Այսինքն՝ այս հիմնախնդիրը շատ վատ մթնոլորտ է ստեղծում մեր համալսարաններում: Այստեղ հարկավոր է կոմպլեքս լուծում գտնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Tert.am-ի հարցին՝ փոփոխությունները բացասական ազդեցություն չե՞ն ունենա գիտության վրա, նախարարը պարզաբանեց, որ խոսքը բակալավրիատրի մասին է։
«Եթե բակալավրիատում այս խնդիրը կարգավորվեց, երիտասարդը կգնա, կծառայի, հետ կգա և կշարունակի իր կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ երիտասարդներ զինվորական ծառայությունից հետո շարունակում են իրենց ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում»,- ասաց նախարարը: