Ցավակցում եմ այս կառավարությանը, որ այս տարվա բյուջեն համընկավ նախընտրական գործընթացների հետ. Վահրամ Բաղդասարյան
Պետական բյուջեն տնտեսության սիրտն է, ուստի խորհրդարանում կրքերը հուզված են: ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ:
«Ցավակցում եմ կառավարությանը, որ այս տարվա բյուջեն համընկավ նախընտրական պրոցեսների հետ ու ամեն ինչ լսեցինք՝ դեմագոգիա, մառազմ, նախընտրական հնարքներ...»,- նշեց Բաղդասարյանը:
Ֆինանսական փաստաթուղթը, ըստ նրա, իրատեսական է, համահունչ է կառավարության ծրագրին: «Ծրագիրն իրականացնելու համար դրված են բոլոր հիմքերը: Նրանք կարող են իրականացնել այս բյուջեն, որը կայունացման բյուջե է, այստեղ որևէ ռիսկային քայլ չկա: Այս կառավարությունը կարող էր բերել բյուջե, որը կարող էիք անվանել նախընտրական, իսկ դա ծիծաղելի կլիներ: Մենք մոտենում ենք 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ու նրանք կարող էին բերել այդպիսի բյուջե, որը կսիրաշահեր հանրությանը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք խնդիր չեն ունենա այս բյուջեով ձայներ բերել ընտրությունների ժամանակ՝ այնինչ իրենց ընդդիմադիրները փորձում են ձայներ կորզել:
«Ես ցանկանում եմ հիշեցնել ընդդիմադիրներին, որ իշխանության գալիս են ընտրությունների միջոցով, մտածեք՝ կարո՞ղ եք հաղթահարել այդ 5 տոկոսի շեմը, կազմել մեծամասնություն, ձևավորել կառավարություն: Եթե կհաղթահարեք այս ամենը, այլ հարց է...»,- նշեց Բաղդասարյանը:
Պատգամավորը հորդորեց ամեն ինչ չքննադատել, «ականջահաճո» արտահայտություններ չանել՝ հանրությանը սիրաշահելու համար:
Անդրադառնալով ամբիոնից հնչեցված քննադատությանը, թե իշխանությունները քաղաքական կամք չունեն, որ իրատեսական բյուջե բերեն, Բաղդասարյանը հորդորեց չսարսափել դրականը տեսնելուց: «Այն բոլոր մոտեցումները, որոնք մենք որդեգրել ենք Սահմանադրությունն ընդունելուց հետո, վկայում են այն մասին, որ դրսևորում ենք քաղաքական կամք: ՀՀԿ-ն ունի այդ քաղաքական կամքը. համոզված եմ, որ մեր մյուս ուժերն էլ պետք է դրսևորեն քաղաքական կամք: Համոզված եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն, իրենք ուսումնասիրելով կառավարության ծրագիրը, համաձայն են դրա հետ, բայց ժամանակը չէ՝ ընտրություններ են, որովհետև դրական բան ասելուց կարող է ասեն, թե փոխեցին իրենց ընդդիմադիր կերպարը»,- շեշտեց Վահրամ Բաղդասարյանը: