Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները հանդիպել են Մոսկվայում
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի վարչապետներ Դմիտրի Մեդվեդևի և Բինալի Յըլդըրըմի հանդիպումը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ ռուս-թուրքական ճգնաժամն իր հետևում է թողել բոլոր տարաձայնություններն ու լարվածությունը:
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ որոշ պատճառներից ելնելով՝ երկու երկրների առևտրային հարաբերություններում որոշակի կանգ գրանցվեց, սակայն մենք կարծում ենք, որ պետք է միասին իրականացնենք մի շարք ընդհանուր և մեծ նախագծեր: Այսօրվա հանդիպումների առանցքային թեման տնտեսական և մշակութային ոլորտներին նոր թափ հաղորդելն է»,- ասել է Մեդվեդևը:
Թուրքիայի վարչապետն, իր հերթին, նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության բացասական փորձը կարող է իր ներդրումն ունենալ հետագա հարաբերությունների է՛լ ավելի սերտ զարգացման հարցում:
«Մեկ տարվա տհաճ ժամանակաշրջանի ավարտված լինելը բոլորս ենք տեսնում: Այդ մեկ տարվա՝ մեզ տված բացասական փորձը ճիշտ գնահատելով՝ կարող ենք է՛լ ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Դա հնարավոր է: Անցյալում դրա օրինակները կան»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։