Նույնիսկ եթե Հալեպն «ընկնի»՝ դա վերջ չի դնի պատերազմին. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ սիրիական բանակի կողմից Հալեպի գրավումը չի կարող վերջ դնել Սիրիայում շարունակվող պատերազմին:
Ինչպես փոխանցում է state.gov-ը, Քերին նշել է, որ «բոլորն ասում են՝ սիրիական խնդիրը չունի ռազմական լուծում, և դա այդպես է»:
«Նույնիսկ եթե Հալեպն «ընկնի»՝ դա վերջ չի դնի պատերազմին: Եվ, ի վերջո, Ռուսաստանը, (Սիրիայի նախագահ Բաշար ալ) Ասադը, իրանցիներն ու այլք ստիպված կլինեն հասկանալ, որ այստեղ գոյություն ունեն նաև այլ ծայրահեղական ու այլ տեսակի շարժումներ ու հետաքրքրություններ, որոնք անհրաժեշտ է լուծել կոնֆլիկտի հանգուցալուծման համար», - հայտարարել է Քերին Բեռլինում՝ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը ցուցաբերված հատուկ ծառայությունների համար» պարգևը ստանալուց հետո ունեցած ելույթում:
Քերին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն միանշանակ ձգտում է, որպեսզի պատերազմը Սիրիայում վերջանա, քանի որ խնդրի ռազմական լուծումը համարում են միանշանակ սխալ և գիտակցում են, որ այդ սարսափելի արյունահեղության հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ, փոխանցում է gazeta.ru-ն։