Թուրքիայի Մեջլիսում ընդհարում է տեղի ունեցել քրդամետների, իշխանականների ու ազգայնականների միջև (լուսանկարներ)
Թուրքիայի խորհրդարանում նախօրեին կայացած նիստում լարված մթնոլորտ է ստեղծվել, ինչի հետևանքով խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը ստիպված է եղել ընդհատել նիստը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Միջադեպի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ անհայտ պատճառներով ծագած վեճի արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Թութահյայից ընտրված պատգամավոր Մուսթաֆա Շյուքրյու Նազլըն քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների հասցեին «անպատկառներ» է բացականչել:
Թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ երբ քրդամետ կուսակցության պատգամավորներն ուղղվել են դեպի իշխող կուսակցության անդամները, որոնց հետևում նստած է եղել նաև «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, վերջինիս կուսակիցները վախեցել և պատ են կազմել Բահչելիի շուրջը, թեև ի սկզբանե կուսակցության նախագահը վեճի մասնակից չի եղել: