Մադոննան «դավաճան» է անվանել Թրամփի օգտին քվեարկած կանանց
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Մադոննան, որն անցած նախագահական ընտրություններում սատարում էր դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին, Billboard ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակի լուրն իր համար ասես «մահվան պես բան լիներ»:
Բացի այդ, աստղային շիկահերը «դավաճան» է անվանել իգական սեռի այն բոլոր ներկայացուցիչներին, որոնք իրենց ձայնը տվել են 70-ամյա հանրապետականին:
Երգչուհին նաև պատմել է, որ իր աջակցությունն է հայտնում կանանց, որոնք պատրաստվում են Թրամփի երդմնակալության արարողությունից 1 օր անց բողոքի ակցիա կազմակերպել Վաշինգտոնում: Մեգաաստղը չի բացառել, որ կարող է անձամբ մասնակցել միջոցառմանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ, էքզիթ-փոլերի տվյալներով, Թրամփի օգտին է քվեարկել կանանց 42%-ը, ինչը, ըստ Մադոննայի, «խելքից դուրս բարձր ցուցանիշ է», որի հետ ինքը մինչև հիմա չի կարողանում համակերպվել:
«Ամեն առավոտ ես արթնանում եմ այն տհաճ զգացողությամբ, որ Դոնալդ Թրամփը դեռևս ԱՄՆ նախագահն է և որ նրա հաղթանակը սարսափելի մղձավանջ չէր, այլ՝ իրականություն»,-ասել է Մադոննան: