Դիաբետով հիվանդները բողոքում են հայկական արտադրության «Դինգա» դեղի որակից. նախարարությունը խոստանում է ուսումնասիրել
Tert.am-ի խմբագրություն դիմած շաքարախտով տառապող քաղաքացին պնդում է, որ պոլիկլինիկաներում դիաբետով հիվանդներին պետպատվերի շրջանակում բաժանվող տեղական արտադրության «Դինգա» դեղորայքը, որն արտադրվում է Աբովյան քաղաքի «Արփիմեդ» ընկերությունում, ազդեցություն չի ունենում արյան մեջ շաքարը նվազեցնելու առումով, և ինքը ստիպված է այլ դեղորայք գնել, իսկ եվրոպական արտադրության հակադիաբետիկ դեղերը բավական թանկ են:
Հիվանդների շրջանում Tert.am-ի կարճ հարցումները ցույց տվեցին, որ հայկական արտադրության դեղորայքից այլ բողոքողներ ևս կան: Ժամանակ առաջ շաքարախտով հիվանդները բողոքում էին հնդկական ծագման դեղորայքից, որով փոխարինվել էր ֆրանսիական ծագման «Դիաբետոնը»: Նաև բողոքների արդյունքում պետպատվերի շրջանակում ֆրանսիական ծագման դեղորայքի գնումը վերականգնվեց:
«Փորձադաշտ ենք դարձել, մեկ հնդկական դեղ են բերում, մեկ՝ հայկական: Ինձ չեն օգնում էդ դեղերը, ստիպված թանկն եմ գնում դեղատնից»,-ասաց մեզ դիմած քաղաքացին:
Առողջապահության նախարարության դեղերի վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ պետպատվերի շրջանակում դիաբետով հիվանդներին տրամադրվում է ֆրանսիական արտադրության «Դիաբետոն» և հայկական «Արփիմեդ» ընկերության արտադրած «Դինգա» դեղը, որը փոխարինում է ֆրանսիական «Ամարիլ-Մ»-ին ու նույն ընկերության «Մեդֆորմինը»՝ «Գլուկոֆաժի» փոխարեն:
Tert.am-ի հարցին, թե արդյոք նախարարությունը նման բողոքներ ստացե՞լ է, նախարարությունից գրավոր պատասխանել են. «ՀՀ առողջապահության նախարարությունն առ այսօր գրավոր բողոք չի ստացել, սակայն սույն թվականի նոյեմբերի 21-ին հեռախոսազանգ է ստացվել «Դինգա» դեղի որակի վերաբերյալ: Հայտնում եմ, որ քաղաքացու կողմից բարձրացված հարցը կուսումնասիրվի համապատասխան ստորաբաժանումների կողմից»:
Ըստ Վարդուհի Գրիգորյանի՝ հիվանդի վրա դեղի բացասական ազդեցությունը պետք է արձանագրի պոլիկլինիկայում նրան բուժող բժիշկը, ով տրամադրում է դեղը պետպատվերի շրջանակում:
Աբովյան քաղաքում գտնվող «Արփիմեդ» ընկերությունն առավել հայտնի է որպես հոգեմետ դեղեր արտադրող ընկերություն: Հարցին, թե երբ և ինչ գումարով ու պայմաններով է պայմանագիր կնքվել հիմնականում հոգեմետ դեղեր արտադրող «Արփիմեդ» ընկերության հետ, նախարարությունից պատասխանել են. ««Արփիմեդ» դեղագործական ընկերության կողմից արտադրված և ՀՀ-ում գրանցված դեղերը ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք են բերվում` հոգեմետ դեղերը՝ 2012 թվականից, իսկ հակադիաբետիկ դեղերը՝ 2013 թվականից: 2016 թվականին հոգեկան հիվանդների դեղապահովումը իրականացնելու նպատակով, հոգեմետ դեղերի համար պայմանագիր է կնքվել «Արփիմեդ» դեղագործական ընկերության հետ: ՀՀ օրենսդրության համաձայն դեղերը պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում արտադրողի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության, իսկ նմուշները որակի լաբորատորային փորձաքննություն, այնուհետև գնահատվում է դեղի որակական ցուցանիշները, և դեղը գրանցվում է»:
Ըստ Վարդուհի Գրիգորյանի՝ 2017-ի համար պետպատվերի շրջանակում հիվանդներին տրամադրվող դեղերի մրցույթը դեռ չի ավարտվել:
Հարցին, թե արդյոք հայկական ծագման դեղորայքը անհրաժեշտ դեղագիտական փորձաքննություն անցե՞լ է և ի՞նչ եզրակացություն է եղել, նաև որևէ այլ երկրում փորձարկվե՞լ է այդ դեղը, Վարդուհի Գրիգորյանն ասաց. «Պետության կողմից կենտրոնացված կարգով հատկացվող դեղերը, այդ թվում` հակադիաբետիկ և հոգեմետ, գրանցված են Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն: Տեղական արտադրության դեղերը պետական գրանցման ժամանակ ենթարկվում են մանրամասն փորձաքննության և միայն օգուտ/վնաս դրական հարաբերակցության պայմաններում գրանցվում են հանրապետությունում և ստանում կիրառման թույլտվություն: Ձեր կողմից նշված «Արփիմեդ» դեղագործական ընկերության դեղերը այլ երկրներում գրանցված չեն, հետևաբար որևէ երկրում փորձաքննության չեն ենթարկվել»։