«Երբ փաստենք, որ «իքս» մարդը ներմուծել է շաքարավազ և ողջ-առողջ է, ուրեմն ճիշտ է». գործարարը շաքարավազի շուկան ազատականացնելու մասին
Չնայած մոտ 2 ամիս է՝ ՀՀ նոր կառավարությունը հայտարարել է ներմուծման շուկայի՝ այդ թվում շաքարավազի ներմուծման ազատականացման մասին, երկու ամսվա ընթացքում որևէ գործարար շաքարավազ չի ներկրել Հայաստան. ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը վերջերս հայտարարել էր, թե 1-2 մեքենա բենզին ու բանան ներկրողներ եղել են, բայց շաքարավազ ներկրող չի եղել:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, ով սուրճի արտադրություն ունի ու իր արտադրության մեջ շաքարավազ է օգտագործում, ուսումնասիրել է շաքարավազի շուկան և եկել այն եզրակացության, որ շաքարավազ ներկրելը, անգամ արտադրող լինելու դեպքում, ձեռնտու չէ, եթե արտադրությունը մեծ չէ:
«Ես ինքս օգտագործում եմ շաքարավազ իմ արտադրության մեջ: Երեքը մեկում սուրճ եմ արտադրում, որտեղ կա շաքարավազ, սուրճ և սերուցք, և էդ արտադրության մեջ ինձ շաքար է պետք: Բայց եթե ես նույնիսկ մեկ կոնտեյներ բերեմ, ինձ մեկ տարի է պետք, որ ես դա սպառեմ: Եվ եթե իմ սպառման գինը շատ մրցունակ չի լինելու, իմաստ չունի ես մեկ կոնտեյներ ապրանք քնեցնեմ էստեղ: Բիզնես տեսանկյունից ինձ այսօր ձեռնտու չի բերել, եթե ես չեմ կարող էժան գնով բերել, քանի որ մեծ խաղացողները շատ ավելի էժան են բերում, և նրանք մեծ հնարավորություն ունեն»,-ասաց գործարարը:
Tert.am-ը գործարարից հետաքրքրվեց, թե շաքարավազի շուկան ազատականացնելու առթիվ Կառավարության հայտարարությունն իր կարծիքով ճի՞շտ է:
«Մենք կարիք ունենք փաստի: Երբ փաստենք, որ իքս մարդը ներմուծել է շաքարավազ և ողջ-առողջ է, ուրեմն ճիշտ է: Երեկվա դրությամբ, հեռուստատեսությամբ տեսա՝ ինչ-որ մարդիկ բանան էին բերել»,-ասաց Մխչյանը:
Մեր դիտարկմանը, թե ի՞նչը կարող է լինել պատճառը, որ Հայաստան շաքարավազ ներմուծող մինչ այժմ չի եղել, գործարարն ասաց. «Էդպիսի բիզնեսները 10-15 տոկոս մարժա ունեն, և եթե մարդը մեծ քանակություն է գնում, դուք չեք կարող իր հետ մրցակցել: Որովհետև, եթե մեկը գնում, գնում է 100 տոննա, իր համար գինն ուրիշ է, մյուսը եթե գնում է 10 տոննա, իր համար գինն ուրիշ է։ Դրա համար այսօր միանգամից ակնկալել, որ ինչ-որ մրցակից ի հայտ գա պարոն Ալեքսանյանին, դժվար է: Նախ՝ պետք է նպատակադրվի, գումարներ ծախսվի: Ի վերջո՝ կա մի ակնհայտ իրականություն, որ այսօր մեր շաքարի մոնոպոլիստը ունի նաև իր վաճառքի շուկան՝ «Երևան Սիթին»: Դա շատ մեծ առավելություն է: Ամեն մարդ չունի էդ առավելությունը: Այսօր «Երևան Սիթին» շաքարավազը վաճառում է 1 կգ-ն նույն գնով, ինչ գնով Ալեքսանյանի մեծածախ պահեստներն են վաճառում: Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում: Այսինքն՝ իր մոտ մանրածախը մեծածախի գնով է»:
Մեր դիտարկմանը, թե արդյոք դա տնտեսական մրցակցության օրենքի խախտո՞ւմ չէ, գործարարը պատասխանեց. «Ես չգիտեմ, դա խախտում է, թե ոչ, բայց դա իրականություն է: Դա փաստ է այսօր: Այսօր ոչ ոք էդ հնարավորությունը չունի, որ կարողանա ինչ-որ տրամպլին ունենալ, որի միջոցով կարողանա ռեալիզացնել իր ապրանքները: Տեսեք գալիս ՝է Նոր տարի, ու մանր խանութները չեն կարողանում առևտուր ունենալ, որովհետև «Երևան Սիթին» տալիս է 150-200 հազար դրամ վարկով Նոր տարվա սեղան գցելու հնարավորություն: Ո՞ր մի խանութպանը կարող է նման բան թույլ տա իրեն: Ինքը էդ բոլոր օղակները գրավել է արդեն»:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ շաքարավազի գինը բարձրացել է՝ կազմելով 405 դրամ: Րաֆֆի Մխչյանի կարծիքով՝ պատճառը դոլարի տատանումներն ու համաշխարհային շուկայում սննդամթերքի թանկացումը կարող է լինել:
«Հնարավոր է՝ կուրսի տատանման պատճառով է թանկացումը: Ամառվանից մինչ այսօր սուրճի գնի մեջ մեկ տոննայի մեջ 800 դոլարով տարբերություն կա»,-ասաց նա։