«Վարդանանց» բժշկական կենտրոնին ոչ թե 24, այլ 4 մլն դրամ է հատկացվել. ԱՆ
«Արինտերլև» ՍՊԸ-ի «Վարդանանց» բժշկական կենտրոնի «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի 2016 թվականի ճշտված պայմանագրային գումարը կազմել է ոչ թե 24, այլ 4 մլն դրամ:
Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Առողջապահության նախարարության Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը:
Tert.am-ի հարցին, թե ինչու է նախատեսված 134 մլն դրամից 24 մլն դրամը հասել «Վարդանանց» բժշկական կենտրոնին, Արայիկ Բաղրյանը պատասխանել է. «ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմակերպությունների պայմանագրային գումարներում իրականացված վերաբաշխումների արդյունքում «Արինտերլև» ՍՊԸ-ի «Վարդանանց» բժշկական կենտրոնի «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի 2016 թվականի ճշտված պայմանագրային գումարը կազմել է ոչ թե 24 մլն, այլ 4 մլն դրամ, ինչը հաշվարկվել է հաշվի առնելով ինչպես բժշկական կենտրոնի նախորդ տարվա աշխատանքների ծավալը (2015 2-րդ կիսամյակի փաստացի ֆինանսավորումը 11,9 մլն ՀՀ դրամ), այնպես էլ դիմելիության կանխատեսվող ծավալը և բժշկական կենտրոնի գործող հզորությունները»:
Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել 25 բժշկական կազմակերպությունները, ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն հայտնեց, որ 2016 թվականի համար «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով նշված 37 կազմակերպություններից միայն 25 պայմանագրային գումարներում է վերաբաշխումներ (պայմանագրային գումարի ավելացում) իրականացվել՝ հիմք ընդունելով, տվյալ տարվա համար հատկացված պայմանագրային գումարների սպառված կամ չսպառված լինելու հանգամանքը. «Ըստ այդմ, այն բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում ավելացումներ չեն կատարվել, որոնք սպառած չեն եղել հատկացված պայմանագրային գումարները և համապատասխանաբար հատկացվել են այն բժշկական կազմակերպություններին, որոնց «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով հատկացված պայմանագրային գումարներն սպառվել էին»:
Հարցին, թե ով է «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատերը, ԱՆ-ն չի պատասխանել, որովհետև Առողջապահության նախարարությունը նշված տեղեկատվության տնօրինողը չէ։