Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի նկատմամբ տեսակցության արգելքը չի վերացել, գրավի միջնորդությունը մերժվել է. պաշտպան
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գրավի դիմաց ազատ արձակելու և նրանց նկատմամբ կիրառվող տեսակցության արգելքը չեղարկելու միջնորդությունները:
Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանն արդեն քննել և մերժել է միջնորդությունները. «Դատարանը մերժեց Արարատ Խանդոյանին և Արման Առաքելյանին գրավի դիմաց ազատ արձակելու, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվող տեսակցության արգելքը վերացնելու միջնորդությունները»:
Բացի դրանից՝ Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ ևս մեկ միջնորդություն ունի ներկայացնելու, որը վերաբերում է նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկ հայտնելուն. «Ես դատարանին խնդրեցի հետաձգել դատական նիստը և միջնորդությունը ներկայացնելու համար մեկ օր ժամանակ տրամադրել, սակայն, դատարանը մեկ ու կես ժամ տրամադրեց: Ես բացարկի միջնորդությունը ներկայացնելու եմ՝ հիմնվելով նաև դատարանի կողմից միջնորդությունների մերժման հիմքի վրա, որոնք դատարանը դեռ ինձ չի ներկայացրել, հետևաբար 1,5 ժամում հնարավոր չէր դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»:
Հարցին, թե ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը որն է, Արա Ղարագյոզյանը պատասխանեց, որ դատավորը քաղաքական որոշումներ կայացնող է, իսկ արդեն չորս ամիս է Արարատ խանդոյանի նկատմամբ կիրառվող տեսակցության արգելքը չի վերացվել. «Նրա մայրը ծեր է ու առողջական խնդիրներ ունի, որդիները կալանավորված են և տեսակցության արգելք կա: Մնացական Մարտիրոսյանը քաղաքական վճիռներ կայացնող դատավոր է, նա հայտնի է Շանթ Հարությունյանի, Գևորգ Սաֆարյանի գործով և այլն»:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:
Արման Առաքելյանին ևս մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: