Չինացին երիկամի քարերը դուրս բերող բացառիկ մահճակալ է ստեղծել (լուսանկարներ)
Չինաստանի Ցզյանսի նահանգում բնակվող ֆերմեր Չժու Ցինհուան, տեսնելով թե իր կինն ինչ ցավերի միջով է անցնում երիկամներում եղած քարերի պատճառով, ստեղծել է ինքնատիպ մահճակալ, որը, հեղինակի պնդմամբ, նպաստում է քարերի արագ դուրս բերմանը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, բրնձի աճեցմամբ զբաղվող 52-ամյա չինացին կնոջը ցավերը մեղմացնելու տարբերակների մասին մտածում էր 1993թ սկսած: Չժուի կինն ունի ընդամենը 1 երիկամ, որում քարեր են եղել: Սակայն բժիշկները չեն կարողացել վիրահատել նրան, քանի որ 1 երիկամի առկայության դեպքում դա բավական ռիսկային քայլ է: Մասնագետները խորհուրդ են տվել հիվանդին անընդհատ շարժվել, որպեսզի քարերը բնական ճանապարհով գան, ընկեն:
Կնոջն օգնելու համար ամուսինը ձեռքի տակ եղած պարագաներով ստեղծել է տարբեր ուղղություններով, 360 աստիճանով շարժվող և նույնիսկ ուղղահայաց կանգնող մահճակալ, որն օգնում է տեղից շարժել քարերն ու նպաստում է դրանց արագ դուրս բերմանը:
Չժուն պատմել է, որ կինն իր ստեղծած մահճակալում 5 օր շարունակ 10 րոպե պառկելով՝ կարողացել է առանց ցավի ազատվել քարերից:
Նշվում է, որ այժմ Չժուն մահճակալն անվճար տալիս է այն համագյուղացիներին, ովքեր ևս նման առողջական խնդիր ունեն: