«Քրդական հարցին հայկական լուծում». թուրք սյունակագրի անդրադարձը
Թուրք սյունակագիր Էրգյուն Բաբահանը haberdar.com կայքի իր սյունակում հրապարակված նոր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում քրդերի դեմ շարունակվող բռնաճնշումներին և նշել, որ պետությունը քրդերի հետ հաշվեհարդար կտեսնի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին արեց հայերի դեպքում:
«Քրդական հարցին հայկական լուծում» վերնագրով հոդվածում Բաբահանը նշել է, որ թուրքական իշխանությունների ներկայիս գործողությունները պարզապես ոչնչացնում են «1915-ի դեպքերի մասին նրանց հնչեցրած բոլոր փաստարկները»:
«Փորձում են արմատախիլ անել քրդերին ճիշտ այնպես, ինչպես արմատախիլ են արել հույներին, հայերին, եզդիներին, ասորիներին»,- գրում է նա։
Սիրիայից մինչև Իրաք ընկած տարածաշրջանում քրդերին թշնամի հռչակած այս մտածողությունը, ի վերջո, անխուսափելիորեն բախումնային ավարտի է հասցնելու:
«Նման զարգացումների ավարտը քրդերի մեծամասշտաբ կոտորածն է լինելու, հարավարևելյան և արևելյան Անատոլիայի ճգնաժամային շրջաններում քրդերի ոչնչացումը: Ակնհայտ է, որ նպատակը մեծածավալ գործողությունն է՝ 1915-ի կրկնությունն այսօրվա պայմաններում»,- գրում է սյունակագիրը՝ հավելելով. «Թուրքիայում քաղաքացիական պատերազմ կլինի՞, դժվար թե, բայց այ նոր ցեղասպանություն կլինի»: