Անորեքսիայից տառապող ամերիկուհուն թույլ են տվել չսնվել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում դատարանն արգելել է ստիպողաբար կերակրել անորեքսիայից տառապող կնոջը, որը 31 կիլոգրամ քաշ ունի։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 29-ամյա կինը, որը 2014 թվականից բուժվում է հոգեբուժարանում, նոյեմբերին դատարան է դիմել: Նա պնդել է, որ սննդի կամ ջրի կարիք չունի և դրա փոխարեն խնդրել է պալիատիվ օգնություն նշանակել իրեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ իշխանություններն ու դատախազները պահանջել են մերժել նրա խնդրանքը` նշելով, որ կինն իրավասու չէ տվյալ հարցում, տառապում է ընկճախտից, իսկ նրա անորեքսիան անբուժելի հիվանդություն չէ: Կնոջ փաստաբանն իր կողմից նշել է, որ կնոջ ոսկորներն այնքան դյուրաբեկ են, ինչքան 92-ամյա մարդու ոսկորները, ինչի պատճառով ստիպողաբար կերակրելը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար։
Կայքը գրում է, որ դատարանը բավարարել է հայցվորի պահանջը։
«Համապատասխան որոշումն ընդունվել է հայցվորի կողմից` հստակ ըմբռնումով, որ մահը կարող է դրա հետևանքը լինել»,-ասել է դատավորը` հայտարարելով դատավճիռը: Դեռևս պարզ չէ, թե արդյոք իշխանությունները կբողոքարկեն այս որոշումը: