Նոյեմբերյանին միացած համայնքներում օպտիմալացում է եղել. քաղաքապետ
2017թ. նախատեսվում է 286-287 մլն դրամ հատկացնել Նոյեմբերյանին. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը՝ հավելելով, որ ֆինանսավորումը տրվելու է 8 համայնքի համար, քանի որ խոշորացման արդյունքում Նոյեմբերյանին են միացել Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան համայնքները։ Բնակչության ընդհանուր թիվն ավելի քան 17 հազար է։
«Հարկային կոդը պետռեգիստրով նոր է հաստատվել, հիմա խոշորացման գործընթացները դեռ ամբողջապես ավարտված չեն, այս պահին էլ ֆինանսավորումն ընդհանուր է, բայց առանձին կոդերով, Նոյեմբերի վերջին հստակ կկարողանանք ասել՝ ինչ ունենք»,-մանրամասնեց քաղաքապետը։
Նա նաև ընդգծեց, որ Նոյեմբերյանին միացված համայնքներից բոլորը, բացի Ջուջավանից, սահմանամերձ են և օգտվում են արտոնություններից։
«Հողի հարկ չեն վճարում, գազը, հոսանքը զեղչված է, բայց մեծամասամբ հողը չեն օգտագործում քանի որ հակառակորդը նշանառության տակ է պահում։ Ծրագիր ենք ներկայացնելու հողերի օպտիմալ օգտագործման համար»,-ասաց նա։
Կարեն Աբազյանը մանրամասնեց, որ նոյեմբերի 12-ին վարչապետի հետ համայնքի ղեկավարների հանդիպմանը մասնակցել է, բայց առաջարկություններ չի ներկայացրել։
«Դե մի ամսվա քաղաքապետ էի, մյուս գյուղապետերին էի լսում՝ իրավիճակը ամբողջովին հասկանալու համար, հիմա արդեն առաջարկություններ կառավարությանը կներկայացնենք»,-նշեց քաղաքապետը։
Կարեն Աբազյանն ընդգծեց, որ օպտիմալացման ծրագրեր ևս իրականացնում են, օպտիմալացում եղել է նաև մնացած համայնքներում, որոնք միացվել են Նոյեմբերյանին։
«Խոշորացման արդյունքում գյուղապետարաններից աշխատակիցներ են կրճատվել, գյուղ կա 8 աշխատակից է ունեցել, հիմա՝ 4, գյուղ կա՝ գյուղապետարանում 3 աշխատակից է կրճատվել։ Հաստիքների կրճատումները կախված են եղել բնակչության թվից, տվյալ անձի կատարած աշխատանքից ՝ում զբաղվածությունը որքան է եղել»,-ներկայացրեց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ խոշորացումից հետո գյուղապետերը համարվում են վարչական ներկայացուցիչ։ Բարեկամավան, Ջուջավան, Բերդավան Ոսկեպար համայնքների վարչական ներկայացուցիչները ընտրություններից հետո փոխվել են։
Նշենք նաև, որ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Նոյեմբերյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել նաև Բարեկամավանի արդեն նախկին գյուղապետ Գարիկ Աբազյանը, Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը, որոնք ընտրություններից հետո ևս զրկվել են վարչական ներկայացուցչի պաշտոնից։