Կառավարության ոլորտային պատասխանատուներն ավելի քան 3820 զանգ և 1499 հաղորդագրություն են ստացել. վիճակագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել էր կառավարության աշխատակազմի պատասխանատուներին՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:
Ստացված հեռախոսազանգերի քանակի և այլ վիճակագրական տվյալների վերաբերյալ Tert.am-ին Կառավարությունից հայտնեցին, որ Ալեքսանդր Խաչատուրյանը, ով գործարար միջավայրի, հարկային և մաքսային ոլորտի, ներդրումների, ֆինանսական համակարգի պատասխանատուն է, 700 հեռախոսազանգ է ստացել և 400 հաղորդագրություն. «Ալեքսանդր Խաչատուրյանին ուղղված հարցերը վերաբերել են հարկային, մաքսային վարչարարությանը, սոցիալական, ֆինանսական, մասնավորապես՝ վարկերի սպասարկման խնդիրներին»:
Արամ Վարդևանյանը, ով Մարդու իրավունքների, դատական համակարգի,ԴԱՀԿ-ի, քրեակատարողական հիմնարկների, սպորտ և երիտասարդության հարցերով ոլորտի պատասխանատուն է, ավելի քան 800 զանգ և 120-ից ավելի էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել. «Զանգերը հիմնականում վերաբերել են ԴԱՀԿ-ի գործունեությանը, դատական ընթացիկ գործերին, Ճանապարհային ոստիկանության կողմից 2012, 2013, 2014 թթ. ակտերի միայն այժմ ծանուցմանը, տեխնիկական խնդիրներին, ՔԿՀ-ներում բժշկական օգնությանը, սոցիալական նպաստ տրամադրելու հետ կապված գործընթացներին, աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանմանը և այլն»:
Կրթության և գիտության, առողջապահության, քաղաքաշինության հարցերով պատասխանատու Գևորգ Մուրադյանը 530-ից ավելի հեռախոսազանգ և 98 հաղորդագրություն է ստացել. «Հարցերը հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, նախարարությունների գործառույթներին, ֆինանսական խնդիրներին»:
Գյուղատնտեսության, բնապահպանության, Կադաստրին վերաբերող հարցերով պատասխանատու Նարեկ Ադոնցը 500 հեռախոսազանգ և 188 հաղորդագրություն է ստացել. «Հարցերը վերաբերել են տվյալ ոլորտների հետ կապված խնդիրներին»:
Սփյուռքի, Արցախի, տարածքային կառավարման, ներդրումների, սոցիալական հարցերի և մշակույթի հարցերով զբաղվող Աշոտ Մարգարյանը 597 հեռախոսազանգ և 693 էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել. «Հարցերի մեծ մասը եղել են սոցիալական բնույթի, ինչպես նաև առնչվել են ներդրումային ոլորտին, Արցախի, Սփյուռքի հետ կապված խնդիրներին»: