Ամենահարուստ մարզիկները. Աստղաբաշխական գովազդները
Նրանք ոչ միայն հայտնի են, տիտղոսակիր ու ճանաչված ամբողջ աշխարհում, այլ նաեւ ամենահարուստների ցանկում են: Այս մարզիկները տարեկան միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքում գովազդային ընկերությունների հետ:
Mediamax Sport-ն առանձնացրել ու ձեզ է ներկայացնում 2016-ին հովանավորների կողմից ամենաշատ վարձատրված չորս մարզիկի:
Քրիշտիանու Ռոնալդու
Այս տարի նա Forbes-ի վարկածով աշխատել է 88 մլն դոլար ու աշխարհի ամենաշատ վաստակող մարզիկների ցանկում 1-ինն է: Մադրիդի «Ռեալի» հետ Ռոնալդուն հերթական աստղային պայմանագիրն է կնքել մինչեւ 2021 թվականը ու շաբաթական 410 հազար եվրո է ստանալու:
Ֆուտբոլիստի վաստակած գումարի առյուծի բաժինը առաջանում է հովանավորչական պայմանգրերից ու գովազդից:
Վերջերս հայտնի դարձավ, որ Եվրոպայի այս տարվա չեմպիոնը Nike-ից ցմահ տարեկան 24 մլն դոլար է ստանալու: Նա 3-րդ մարզիկն է դարձել Մայքլ Ջորդանից ու Լեբրոն Ջեյմսից հետո, ում պայմանագիրը ցմահ է լինելու:
«Nike-ը խելացի է ու գիտի, որ պետք է լավագույններին ընտրել: Ես ուրախ եմ նրանց շարքում լինել»,- ասել է CR7-ը:
Իր գովազդատուներին ու հովանավորներին Ռոնալդուն սիրում է անվանել «Իմ թիմը»: Հիմա այդ թիմում 20 ընկերություն ու բրենդ կա, որոնցից 5-ը հենց ֆուտբոլիստի անունով են կոչվում՝ Ռոնալդու-ներքնազգեստ, կոշիկ, վերնաշապիկ, օծանելիք եւ այլն:
Սակայն ֆուտբոլիստին արգելվում է խաղակոշիկների արտադրությամբ զբաղվել, որպեսզի նա Nike-ի հետ չմրցակցի: Փոխարենն ընկերությունը պորտուգալացուն առաջարկել է համատեղ խաղակոշիկներ թողարկել: Այս ամառվանից դրանք արդեն վաճառքում են ու արժեն 200 դոլար:
Ռոնալդուի ոչ ֆուտբոլային եկամուտը տարեկան կազմում է 32 մլն դոլար:
Լեո Մեսսի
Մեկ տարվա ընթացքում աշխատած գումարի չափով Մեսսին միայն Ռոնալդուին է զիջում: Արգենտինացու մեկ տարվա եկամուտը 81,5 մլն դոլար է:
Մեսսին համագործակցում է մի շարք առաջատար ընկերությունների հետ: Adidas-ի, Turkish Airlines-ի, Gatorade-ի, Lays-ի, EA Sports-ի հետ նրա կնքած պայմանագրերը ապահովում են 28 մլն եվրո:
Մեսսին Adidas-ի առաջին դեմքն է ու պատահական չէ, որ ընկերությունը նրան մշտապես «երես է տալիս» նոր խաղակոշիկներով՝ Adidas Messi 16, mirosar10 (Իմ Ռոսարիո՝ Մեսսիի ծննդավայրը), Messi15 (արտադրվել է 5-րդ Ոսկե գնդակը ստանալու պատվին՝ «Լավագույնը պատմության մեջ» գրությամբ):
«Մեսսին ակտիվորեն մասնակցում է ապրանքի ստեղծման բոլոր փուլերին: Նրա համար շատ կարեւոր է, որ խաղակոշիկներն ու մարզահագուստը հարմարավետ լինեն նախ իր համար»,- ասել է Adidas-ի փոխնախագահ Դին Լոկսը:
Turkish Airlines-ում Մեսսիի մասնակցությամբ գովազդային հոլովակը, որտեղ նկարահանվել է նաեւ Կոբի Բրայանտը, YouTube-ում տասնյամյակի լավագույն գովազդ է ճանաչվել:
Լեբրոն Ջեյմս
Ֆորբսի տվյալներով աշխարհի ամենաշատ վարձատրվող մարզիկների ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:
Ամերիկացին 77 մլն դոլար կարողության 54 մլն-ը ստանում է հովանավորներից: Ջեյմսի հետ պայմանագրեր ունեն բազմաթիվ ընկերություններ, սակայն խոշորագույններից են Samsung-ը, Nike-ը, Coca-Cola-ն, State Farm-ը, McDonald’s-ը:
«Ես միշտ ձգտել եմ նորարարության: Եթե ինչ-որ ընկերության հետ պայմանագիր եմ կնքում, ապա դրանք պետք է լինեն այնպիսի բրենդեր, որոնք համապատասխանում եմ իմ իմիջին եւ չեն խախտում սկզբունքներս»,- խոստովանել է բասկետբոլիստը:
Nike-ը Ջեյմսի ամենախոշոր հովանավորն է, որի հետ 2015-ին վերակնքված պայմանագրով ընկերությունը նրան վճարելու է տարեկան 30 մլն դոլար:
Բացի գովազդներում նկարահանվելուց, նա մասնակցում է տարբեր միջոցառումների, նկարվում երկրպագուների հետ, ստորագրություններ հանձնում կամ էլ պարզապես պատմում իր մասին:
Մարզիկը իր նոր գովազդների կամ համագործակցության մասին ակտիվորեն տեղեկացնում է նաեւ սոցիալական ցանցերի միջոցով, որտեղ նրան հետեւողների թիվն անցնում է 25 միլիոնը:
Ջեյմսը նաեւ հանդիսանում է Beats by Dr. Dre ընկերության համասեփականատերը, որն արտադրում է ականջակալներ եւ բարձրախոսներ:
Ռոժեր Ֆեդերեր
68 մլն դոլարով լավագույն քառյակը եզրափակում է թենիսիստ Ռոժեր Ֆեդերերը: Չնայած այս տարի նա վնասվածք ստացավ ու արդեն մի քանի ամիս է ելույթ չի ունենում, սակայն հովանավորները նրանից «երես չեն թեքում»: 2016-ին շուրջ 60 մլն օգուտ նրան բերել են հովանավորները՝ Nike-ը, Rolex-ը, Mercedes-Benz-ը, Credit Suisse-ը, Wilson-ը, Gillette-ը:
Ֆեդերերը 2013-ին երեք գործընկերների հետ հիմնել է սեփական գործակալությունը՝ Team 8-ը: Պատճառը մեկն էր. IMG ընկերությունը, որի հետ աշխատում էր թենիսիստը, վերցնում էր նրա եկամտի շուրջ 15 %-ը:
Բացի շքեղ կյանքից, թանկարժեք հագուստից, մեքենաներից ու տներից, Ֆեդերերն իր գումարի զգալի մասը ծախսում է նաեւ բարեգործության վրա: Roger Federer Foundation-ը օգնում է աֆրիկյան երկրներին՝ Թանզանիա, Մալի, Զիմբաբվե, որպեսզի այնտեղ լուծվեն կրթական ոլորտում առկա խնդիրները: Կազմակերպում է բարեգործական հանդիպումներ եւ գումարն ուղղում սոցիալապես խոցելի երեխաների օգնությանը: