ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գյուլենական զինվորականներին ապաստան տրամադրելն անընդունելի է. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում քաղաքական ապաստան խնդրած թուրք զինվորականների հայցի հնարավոր բավարարումը: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց մարզում գտնվող ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ռազմաբազայում իրենց ծառայությունն անցնող մի քանի թուրք սպաներ Գերմանիայից ապաստան են խնդրել: Թուրք զինվորականնները, որոնց ծառայության ժամկետը մոտենում է ավարտին, չեն ցանկանում վերադառնալ Թուրքիա, որտեղ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած զանգվածային ձերբակալությունների և կադրային զտումների շրջանակներում կարող են ենթարկվել ճնշումների:
Լուրը հաստատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանի քննարկումների ընթացքում:
Թուրքական կայքը հայտնում է, որ Ըշըքն ու Սթոլթենբերգն այդ թեմայով առանձնազրույց են ունեցել վեհաժողովի շրջանակներում: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ըշըքը պնդել է, որ թուրք զինվորականները պետք է վերադառնան Թուրքիա, և ցանկացած այլ տարբերակ իրենց համար աընդունելի է:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: