Եգիպտոսում չեղարկել են նախկին նախագահ Մուրսիի ցմահ ազատազրկումը
Եգիպտոսի վճռաբեկ դատարանը չեղարկել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը և նշանակել է վերաքննություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խոսքը պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման օգտին լրտեսության մեղադրանքով Մուրսիի դեմ հարուցված քրեական գործի մասին է:
Անցած շաբաթ վճռաբեկ դատարանը չեղարկել էր Մուրսիի նկատմամբ կայացված մահապատժի վերաբերյալ դատավճիռը: Նախկին նախագահը մահապատժի էր դատապարտվել Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալմանը հանգեցրած 2011 թվականի ապստամբության ժամանակ զանգվածային անկարգությունների և բանտից կալանավորների փախուստի կազմակերպմանը մասնակցելու քրեական գործով:
Այնուամենայնիվ, ուժի մեջ է մնում Մուրսիի նկատմամբ կայացված 20 տարվա ազատազրկման ևս մեկ դատավճիռ՝ 2012 թվականին նախագահական պալատի մոտ արյունահեղության գործով:
Ընդհանուր առմամբ, Մուրսիի դեմ, որը ճաղերի հետևում է 2013 թվականի հուլիսին տապալվելուց ի վեր, հարուցվել է չորս քրեական գործ: 2012 թվականին ընտրություններում հաղթանակ տանելուց մեկ տարի անց նրա իշխանությունը տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում: